Աշխարհ

17.01.2011 15:59


Ալ. Արզումանյան. «Էդվարդ Նալբանդյանի ասուլիսը ԺԷԿ–ի պետի ասուլիս էր»

Ալ. Արզումանյան. «Էդվարդ Նալբանդյանի ասուլիսը ԺԷԿ–ի պետի  ասուլիս էր»

Գնահատելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի' 2010թ. ամփոփող մամուլի ասուլիսը, ՀՀ ԱԳ նախկին նախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասել է, թե այդ ասուլիսից իր մոտ տպավորություն է առաջացել, որ դա «ԺԷԿ-ի պետի  ասուլիս էր», այսինքն' ով քանի երկիր է այցելել և այլն.

-Այո՛, այդ այցելությունները եղել են, և Հայաստանը պետություն է, որը պետք է հյուրընկալի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների և հյուրընկալվի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, բայց դա չէ արտաքին գերատեսչության ղեկավարի հիմնական ամփոփումը։

Նա նշել է, որ տարվա սկզբից բոլոր գործընթացները, որ նախաձեռնվել են գործող նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո, սկսեցին նահանջ ապրել։ Դա նախ և առաջ այդքան գովերգված ֆուտբոլային դիվանագիտությունն է, որը 2010թ. առկախվեց՝ հասնելով իր ավարտին։ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ շարունակվեցին իմիտացիոն գործընթացները, եղան մի շարք հանդիպումներ, որոնց հետևանքով Աթենքում ընդունվեց մի ձևակերպում, ըստ որի ԼՂ ապագա ինքնորոշման իրականացումը կապվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։

-Ցավոք, ՀՀ ԱԳՆ-ն այսօր զբաղվում է գործառույթներով, որոնք ավելի հարիր են PR կամպանիային։ ՀՀ-ում կատարվում են ահավոր մարդու իրավունքների խախտումներ, ժողովրդի կեղեքում, կոռուպցիայի մեջ խեղդված իշխանություն, որին ԱԳՆ-ին հանձնարարվել է ներկայացնել միջազգային հանրությանը և փորձել դրական իմիջ ստեղծել,-ասել է Ալ. Արզումանյանը։

Նա նշել է, թե այս ընթացքում բոլոր քննարկումները միայն բացասական արձագանքներ ու դրսևորումներ են ստացել, ԼՂՀ վերաբերյալ ընդունվել է ՆԱՏՕ-ի բանաձևը, ԵԽԽՎ բանաձև և այլն։

Անդրադառնալով հայ-թրքական հարաբերություններին՝ Ալ. Արզումանյանն ընդգծել է, որ ինքը մշտապես կողմնակից է եղել հայ-թրքական հարաբերությունների զարգացմանը և կայացմանը ու հիմա էլ կարծում է, որ պետք է աշխատել և Թուրքիայի հետ նորմալ առևտրային, տնտեսական ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել.

-Սակայն այն գործընթացը, որը մեզանում հայտնի է որպես ֆուտբոլային դիվանագիտություն, և որի արգասիքը եղան երկու արձանագրությունները, կոնկրետ այդ 2 արձանագրությունների հետ ես ունեմ շատ ու շատ խնդիրներ։ Կարծում եմ՝ դա չմտածված տարբերակ էր՝ դրսից հրամցված։

Նախկին ԱԳ նախարարը նաև նշել է, թե «ֆուտբոլային դիվանագիտություն» կոչված «բլեֆը» սպառված է համարում։ Հիմա, ըստ նրա, կողմերը պետք է սթափ նստեն սեղանի շուրջը և քննարկումները սկսեն զրոյից՝ մի կողմ դնելով արձանագրություններն ու մտածելով նոր «start»-ի մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականության մեջ սպասվող վտանգներին, Ալ. Արզումանյանն ասել է, թե ամենակարևոր մարտահրավերը, որ կանգնած է Հայաստանի առջև, պատերազմի վերսկսում թույլ չտալն է։

-Ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը հզորացել է, այլ այն պատճառով, որ որևէ հարց չարժե որևէ հայ զինվորի կյանք։ Մենք ռազմի դաշտում ապացուցել ենք մեր իրավունքը, ԼՂՀ ժողովրդի մասին է խոսքը, իրենց իրավունքը ազատ ապրելու, նվաճել են իրենց անկախությունը, հիմա մնում է, որ հմուտ դիվանագիտությամբ փորձենք ներքաշվելով գործընթացների մեջ՝ գտնենք ինչ-որ հանգուցալուծում,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը