Քաղաքական

21.04.2012 11:35


Վարդան Օսկանյան. «...փորձում են հակադրություններ գտնել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներսում»

Վարդան Օսկանյան. «...փորձում են հակադրություններ գտնել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներսում»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշ լրատվամիջոցներ և գործիչներ վերջերս փորձում են հակադրություններ գտնել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներսում: Երեկ քարոզարշավի ընթացքում այս հարցին պատասխան է տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և կարծում եմ՝ դրանով վերջ կդրվի այդ տեսակի խոսակցություններին:

Պարոն Ծառուկյանը, մեկնաբանելով իշխանությունների հասցեին իմ քննադատությունները, ասել է. «Այսօր ինքն իր անձնական կարծիքն է ասում, որովհետեւ մենք տուն-տունիկ չենք խաղում: Ամեն մեկն իր մտածելակերպը, իր պատկերացումը արտահայում է հանրությանը, ժողովրդին: Ես հո՞ չեմ ասելու՝ սա ասեք: Ես էլ իմ գաղափարը, մոտեցումն եմ ասում: Բայց ինչ վերաբերում է կուսակցության որոշմանը, մենք հրավիրում ենք, քննարկում ենք, համապատասխան պատասխան ենք տալիս, իսկ մնացածը քարոզարշավի ժամանակ ամեն մեկը պատասխանում է իր պատկերացմամբ»:

Երեկ ԲՀԿ մեծամասնական թեկնածու Սամվել Բալասանյանի հետ Ախուրյանի Մշակութային կենտրոնի լեփ-լեցուն դահլիճում հանդիպում ունեցանք ընտրողների հետ: Ելույթ ունեցա նաև ես (ելույթս կարող եք կարդալ vartanoskanian.com կայքում)։ Մարդկանց չէին բերել, նրանք եկել էին ինքնակամ՝ իրենց խնդիրներով ու հույսերով: Դահլիճում նստած լսում էի նրանց հարցերն ու ակնկալիքները: Մտածեցի, որ նրանց ուզածները այնքան պարզ և իրականանալի բաներ են, որ պարզապես անխղճություն կլինի այս ժողովրդին մեկ անգամ ևս հիասթափեցնել:

Այս տրամադրությամբ, երբ Ախուրյանից գնացի Գյումրի՝ ԳԱԼԱ հեռուստատեսությունում հարցազրույցի, հաղորդավարն ինձ հարցրեց, թե ինչպես կմեկնաբանեմ Հանրապետական կուսակցության ցավագին և նեղացած արձագանքները իշխանության նկատմամբ իմ հնչեցրած մեկնաբանություններին: Ես պատասխանեցի, որ ինչքան շատ եմ շփվում մարդկանց հետ մարզերում, այնքան շատ համոզվում եմ, որ իմ քննադատությունը շատ մեղմ ու հանդուրժողական է: Քննադատությունը շատ ավելի խիստ պետք է լինի, և իշխող կուսակցությունը պատասխանատվություն պետք է վերցնի այս ընտրությունների նախաշեմին հաշվետու լինելու իր արածի ու չարածի համար»:

Այս խորագրի վերջին նյութերը