Մեկնաբանություն

22.04.2012 19:52


Ի դեմս Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ–ի

Ի դեմս Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ–ի

Ճիշտ է Հեղինե Բիշարյանը, երբ նշում է, թե ի դեմս Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ–ում կանայք շատ են։ Փոթորկոտ օեկուհին, երևի, ուրիշ բան էր ուզում ասել, բայց ստացվեց ավելի լավ։  Բիշարյանի բերանից խոսքը թռել էր «Ֆրեյդ պապիկի սխալի» շրջանակներում և, հետևաբար, պետք է հիմք ընդունել «էգ առյուծի» ենթագիտակցականից եկած «մեսիջը», այլ ոչ թե դրան հաջորդած պարզաբանումները։

Ճիշտ է նաև Սերժ Սարգսյանը, երբ ի դեմս ՕԵԿ–ի տեսնում է «բարոյական» քաղաքականության մարմնավորողի։ Սարգսյանի բանավոր խոսքից դժվար է կռահել, թե նա «բարոյական» բառը չակերտներո՞ւմ էր դրել, թե՞ իրոք բարոյական էր համարում ՕԵԿ պահվածքը 2008–ի մարտի 1–ից առաջ ու դրանից հետո։

Ըստ իս՝ Ս. Սարգսյանն իր ելույթում «Օրինաց երկիր»–ը և «բարոյական»–ը չակերտների մեջ է վերցրած եղել, բայց չի կարողացել ձայնի ինտոնացիայի օգնությամբ այդ «մանրուքը» տեղ հասցնել և արդյունքում մենք ավելորդ տեղը նյարդայնացել ենք՝ մտածելով, թե բարոյականն առանց չակերտների է գրված եղել նախագահի տեքստում։

Եթե Սարգսյանը Գեղամյանին «դատարկ դհոլ» է անվանել ու տարել ՀՀԿ–ի ցուցակ, ապա հազիվ թե ՕԵԿ–ին չակերտավոր բարոյական չհամարեր։ Այնպես որ, պետք է համաձայնել երկրի նախագահի հետ և Արթուր Բաղդասարյանի գլխավորած ուժին համարել «բարոյական»։ Բացի այդ՝ ամեն ինչ համեմատության մեջ պետք է դիտարկել։ Տեսե՛ք. Արթուրը սուսիկ–փուսիկ գնաց ու «արժանապատվորեն սեղմելով մեկնած ձեռքը» ԱԽՔ դարձավ՝ լավ հասկանալով, թե իրականում ով է ինքը, իսկ հիմա կա նոր «օրինաց», որն, ագրեսիվ վարքագիծ որդեգրած, ուզում է սեփական ախքությունը հանրությանը մատուցել որպես «Նոր Հայաստանի ուխտ»՝ քաղաքական պարազիտություն անելով և ձեռքի հետ արժեզրկելով Նոր Հայաստանի գաղափարը։ Ինչև։

Վերադառնանք ՕԵԿ–ի «բարոյական» նկարագրին։ Այդ ուժը 2008–ին քաղաքական դավաճանություն արեց։ Նա դավաճանեց իշխանություններին ընդդիմադիր տրամադրված, բայց ոչ լևոնական լայն հատվածին։ Արթուրի դավաճանությունը նողկալի էր. նա դավաճանեց իր էլեկտորատին՝ մանր ու միջին ձեռներեցներին, որոնց տարիներ շարունակ հույս էր տվել։ Կոպիտ ասած՝ Արթուրը «քցեց» իրեն ձայն տված հազարավոր մարդկանց, ովքեր հավատացել էին նրա խոստումներին։

Ա. Բաղդասարյանը 2007 և 2008 թվականներին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ փոքր ու միջին բիզնեսին խոստանում էր հարկային բարենպաստ պայմաններ, հանդես էր գալիս որպես պարզեցված հարկի և հաստատագրված վճարների կողմնակից, այնինչ միացավ հարկային տեռոր անող Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությանն ու պաշտոնի դիմաց մոռացավ խոստումների մասին։

ՕԵԿ առաջնորդը հիմա էլ է խոստումներ տալիս։ Նկատենք, որ Բաղդասարյանի այժմյան պահվածքը անցնում է «բարոյականության» բոլոր սահմանները։ 

Բաղդասարյանի ճոռոմ խոստումները և ՕԵԿ–ի «պլպլան» ընտրարշավը հիշեցնում է «փողոցային թիթեռնիկների» էպատաժային պահվածքը, երբ անցորդներին փորձ է արվում գրավել վուլգար տեսքով  ու «նագլի» վարքագծով։ Սա այն դեպքն է, երբ «բարոյականությունն» ի ցույց է դրվում, քանզի մթնոլորտն այնքան է կեղտոտված, որ սրանք ոչ թե ամոթից տանն են փակվում, այլ դուրս են գալիս փողոց ու «կպչուն»  ակցիաներ կազմակերպում։

Ա. Բաղդասարյանը Հայաստանի քաղաքական կյանքում այնպիսի խաղի կանոնի օրենսդիր է, որ պետք է արժանի գնահատական ստանա ընտրողների կողմից։ Չի՛ կարելի թույլ տալ, որ մարդը նախորդ ընտրություններում կոկորդ պատռելով գոռա, թե Սերժ Սարգսյանի թիմը մարդասպան է վարձել իրեն սպանելու համար, իսկ այս ընտրություններում առիթ–անառիթ հայտարարի, թե սատարելու է նույն Սարգսյանին, և շարունակի մնալ քաղաքական դաշտում։ Չի՛ կարելի թույլ տալ, որ փոքր ու միջին բիզնեսին «քցած» մեկը կրկին «մեյդան» դուրս գա ու «պուպուշ» խոստումներով փորձի հայտվել խորհրդարանում։

Քանի դեռ ՕԵԿ–ն արժանի պատիժ չի ստացել՝ ներքաղաքական դաշտում միշտ էլ նոր «օեկներ» կհայտնվեն ու սարերի ֆոնին տրջիկ տալով՝ կփորձեն ձայն փախցնել և հետագայում «բարոյական» որակվել Սերժ Սարգսյանի կողմից։ Եվ ուրեմն, այս ընտրությունների գլխավոր խնդիրը պետք է լինի Հայաստանում առկա քաղաքական մենաշնորհի վերացումը։ Կարևոր է նաև «բարոյական» քաղաքական ուժերին վերջնականապես մարգինալ դարձնելը՝ լինեն այդ ուժերը Սերժին օեկաբար սատարող կամ նորաթուխ հաճախորդի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույն նույն Սերժին «տակից» պաշտպանող։ ՕԵԿ–ն ու դրան հավասարեցված կուսակցություններն, ըստ այդմ, պետք է հայտնվեն այնտեղ, որտեղ օրինացի վերջին հանրահավաքում Արթուր Բաղդասարյանի նկարով գովազդային պաստառիկները հայտվեցին։ 

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը