Լրահոս

23.04.2012 09:32


Այս ընտրությունները կարող են շրջադարձային լինել մեր երկրի համար

Այս ընտրությունները կարող են շրջադարձային լինել մեր երկրի համար

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին,

-           Կարևորելով 2012թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը մեր երկրի ներքին և արտաքին զարգացումների և մարտահրավերներին դիմակայելու համար,

-         ընդգծելով ընտրությունները հայ հասարակության ժողովրդավարական ձգտումներին, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը,

-  նկատի առնելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նշանակությունը միջազգային կազմակերպությունների հետ մեր երկրի համագործակցության ամրապնդման և Եվրամիության գործընկերության շրջանակներում նախատեսված բարեփոխումների իրականացման գործում,

- գիտակցելով քաղաքացիական հասարակության պատասխանատվությունը ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ ընթացակարգերով անցկացնելուն աջակցելու գործում,

ԿԶԾ ՔՀՑ-ը ողջունում է ընտրություններում ՔՀԿ-ների՝ որպես անկախ դիտորդներ հանդես գալը, ընտրական գործընթացների տարբեր բաղադրիչների մոնիտորինգում, ՀՀ քաղաքացիներին իրենց ընտրական իրավունքներին և պարտականություններին ծանոթացնելու գործում ցանցի անդամների եւ ընդհանուր առմամբ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:

 Մենք բնական և օրինաչափ ենք համարում, երբ հասարակական կազմակերպությունների առանձին ներկայացուցիչներ որոշում են մուտք գործել քաղաքական ոլորտ և առաջադրում են իրենց թեկնածություններն ընտրություններում:

 Միաժամանակ, ԿԶԾ ՔՀ ցանցը

  1. նշում է, որ ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները բազմազան են եւ սկզբունքորեն չեն կարող աջակցել որևէ կոնկրետ քաղաքական ուժի: ՀԿ-ներին անդամակցությունը չի կարող հիմնված լինել կուսակցական կողմնորոշումների վրա, և աջակցությանը վերաբերող հարցը չի կարող դրվել այդ կազմակերպությունների քննարկումների օրակարգում:
  2. ընդգծում է, որ հասարակական կազմակերպությունների այն ներկայացուցիչները, ովքեր թեկնածու են առաջադրվել խորհրդարանական ընտրություններում, հանդես են գալիս բացառապես անհատ անձերի կարգավիճակով, այլ ոչ թե՝ որպես իրենց կազմակերպությունների պատվիրակներ,
  3. անընդունելի է համարում տեղական եւ միջազգային կառույցների կողմից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների  օգտագործումն այս կամ այն քաղաքական ուժին, թեկնածուներին նախընտրական մրցակցությունում առավելություն տալու նպատակով:

 ԿԶԾ ՔՀ ցանցը դիմում է ՀՀ պետական և տեղական մարմիններին, կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ՀՀ ոստիկանությանը. 

-           Ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը, հավաքների խաղաղ իրականացումը,

-           Ապահովել ազատ, արդար ընտրությունների անցկացումը, քաղաքացիական համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի պահպանումը

-           Ապահովել տարբեր կուսակցությունների և ԱԺ պատգամավորության թեկնածուների և նրանց վստահված անձերի ու կողմնակիցների կողմից քարոզչական գործողությունների նորմալ իրականացումը

-           Բացառել բռնությունների գործադրումը նախընտրական և ընտրական ողջ գործընթացներում:

Անընդունելի է համարում ամեն կարգի անօրինական և բռնի դրսևորումները, ահաբեկումները, ներքաղաքական  լարված իրավիճակների ստեղծումը և զարգացումները: Ցավոք արդեն այս ժամանակահատվածում տեղի են ունեցել նման դրսևորումներ:

Այդ գործողությունները ստվեր են գցում և կասկածի տակ են դնում ՀՀ  խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական նորմերին համապատասխան անցկացնելու իշխանության կողմից տրված հավաստիացումների վրա:

Այս ընտրությունները կարող են շրջադարձային լինել մեր երկրի համար` տալով  հնարավորություն դիմակայելու մեր առջև  ծառացած մարտահրավերներին. աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ:

Կայուն Զարգացման Ծրագրի Քաղաքացիական համագործակցության ցանց

Այս խորագրի վերջին նյութերը