Լրահոս

23.04.2012 10:49


ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի ուղերձը գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա առթիվ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի ուղերձը գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա առթիվ

Գրքի հանդեպ վերաբերմունքը մեծապես բնորոշում է նաև մեր վերաբերմունքը մշակույթի հանդեպ: Ապրիլի 23-ին` գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլորին առաջարկում է    համախմբվել գրքի շուրջը, նեցուկ լինել բոլոր նրանց, ովքեր ստեղծում են գիրք, ում ջանքերի շնորհիվ մեր կյանքի անբաժանելի մասն է դառնում գիրքը:

Հրովարտակ թե օրենսգիրք, ձեռագիր մատյան, տպագիր հրատարակություն  թե էլեկտրոնային պլանշետ` գիրքը ժամանակի ոլորաններում շատ անգամ է փոխել իր տեսքը, սակայն անկախ կրիչից` մշտապես եղել է մարդկանց գաղափարների ու հոգևոր արժեքների մարմնավորումը,  գիտելիքի փոխանցման անգնահատելի գործիք, փոխըմբռնման ու այլ աշխարհների ճանաչման աղբյուր:  Եվ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է այն հասու դարձնել բոլորին` պայքարելով անգրագիտության դեմ, այդ գործում օգտագործելով նաև մշակույթի հզոր ուժն ու մշակութային քաղաքականությունը: Առանց որակյալ կրթության`  գրքերը լռության են մատնվում:  Գիրքը երբեք միայնակ չի գործում.  մեկի ընթերցումը  մղում է մեզ մեկ այլ ընթերցանության` նորանոր, այլևայլ բացահայտումներ անելուն: Առանց  իրական  թե վիրտուալ գրադարանների բովանդակության հասանելիության` գրքերը սպառվում են, կորցնելով իրենց կենսական ուժը: Գրքի և ընթերցանության այդ շղթայական ազդեցությունը  փխրուն հավասարակշռությամբ է պայմանավորված և պահանջում է մշտարթուն ուշադրություն:   Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների  օրինակ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների կիրարկումը` մասնավորապես Մշակութային արտահայտությունների բազմազանության պահպանության և խթանման կոնվենցիան:  Հեղինակային իրավունքի պաշտպանությունը այդ գործունեության հիմնական սկզբունքն է ու  մշտափոփոխ մշակութային լանդշտաֆի կողմնորոշիչը:

 

2012թ. գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նվիրված է  թարգմանությանը: Մենք տոնում ենք 80-րդ տարեդարձը Index  Translationonum-ի`  թարգմանչական համաշխարհային մատենագրության, որի կառավարումը իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Այս եզակի փաստաթուղթը աշխարհում գլոբալ մշակութային հոսքերի տարածման և մոնիտորինգի հզոր միջոց է: Եվ անդամ պետությունները օրեցօր աճող հրատարակությունների պարագայում պետք է միավորեն իրենց  ուժերը` հեղինակային իրավունքի պաշտպանությունը առավել բազմակողմանի, արդյունավետ և մատչելի դարձնելու համար: Թարգմանությունը առաջին քայլն է ժողովուրդների մերձեցման ճանապարհին, փորձ` գաղափարներ  տարածելու ու երկխոսության: Թարգմանությունը մեր ստեղծագործական բազմազանության դրսևորման կարևորագույն խթանն է, այն հարստացնում է լեզուները` այլ լեզուների փոխշփման միջոցով:

Մեր աշխարհը կարիք ունի գիտակցելու մշակույթների բազմազանությունն ու միջմշակութային շփման անհրաժեշտությունը: Դրանք կարևոր են տարբեր  հասարակությունների համակեցության ու ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու  համար:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա`  ապրիլի 23-ի տոնակատարությունը նշում է Երևանում (Հայաստան)`  2012թ. համաշխարհային գրքի մայայրաքաղաքում: Եվ այսօր ես կոչ եմ անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր գործընկերներին (համալսարաններում, տարբեր հարթակներում, դպրոցներում) հիշեցնել, որ գրքը հնարավորություն է և ուժ, և որը պետք է ընձեռվի յուրաքանչյուր մարդու:

Այս խորագրի վերջին նյութերը