Մեկնաբանություն

23.04.2012 14:00


ՀՀԿ–«Ժառանգություն» համագործակցության մոտիվը

ՀՀԿ–«Ժառանգություն» համագործակցության մոտիվը

Որքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձի հերքել իր ու Սերժ Սարգսյանի փոխադարձ կապը (մի ժամանակ Գեղամյանն էլ էր հերքում, որ կապված է Սերժի հետ), Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին քիչ թե շատ ծանոթ մարդկանց համար ակնհայտ է, որ «Ժառանգություն» կուսակցությունն օգտագործվում է Սերժ Սարգսյանի կողմից։ Պատահական չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցների թիրախն Ընտրությունների վերահսկման միասնական շտաբում ներգրավված ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ն են։

Ուշադրությու՛ն դարձրեք. «ժառանգության» կողմից ոչ մի քննադատական խոսք չի հնչում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ–ի հասցեին։ Րաֆֆիի թիմակիցները հերոսաբար պայքարում են ներկա ընտրական գործընթացում որևէ ձևով չներգրավված Ռոբերտ Քոչարյանի դեմ ու դրանով փորձում «լեգիտիմացնել» իրենց գեղամյանությունը։ Հարցն այն չէ, թե որքանով է հավանական երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն և որքանով է հասարակությունը մտահոգված այդ հարցով։ Հարցն այն է, որ Քոչարյանի վերադարձն իր համար վտանգավոր է գնահատում Սերժ Սարգսյանը և այդ իսկ պատճառով «մեյդան» է հանել իր նորաթուխ «էջմիածնական միաբաններին»։

Եթե հիշում եք, մի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմն էր Սարգսյանին գերադասում Քոչարյանից ու պայքարում վերջինիս դեմ։ ՀԱԿ–ում այնքան անիմաստ էներգիա վատնեցին Քոչարյանի վրա, որ վերջում բախվեցին փակված զուգարաններին։ Դրանցի հետո ՀԱԿ առաջնորդը համապատասխան եզրահանգումներ արեց և առաջ քաշեց «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսը։ Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան նոր գործընկեր գտնել ու «երկխոսացնել» նրան։

ՀՀԿ ղեկավարը շատ երկար չփնտրեց։ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատների» գործուն միջնորդությամբ, Սերժ Սարգսյանի հետ հաճույքով մտավ «երկխոսության» մեջ և այժմ գիշեր–ցերեկ պայքարում է ԲՀԿ–ի, Քոչարյանի, ՀՅԴ–ի, ՀԱԿ–ի, Օսկանյանի, բայց ոչ ՀՀԿ–ի դեմ։ Ի դեպ, ՀՀԿ–ից էլ «Ժառանգությանն» ուղղված որևէ թթու խոսք չկա։ Սերժ Սարգսյանի թիմակիցների հիմնական թիրախը ԲՀԿ–ն է, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը, այսինքն՝ ՀՀԿ–ն ու «Ժառանգությունը» համատեղ ջանքեր են գործադրում «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» ծրագրի դեմ (ՕԵԿ–ի վարքագծին տվյալ պարագայում իմաստ չունի անդրադառնալը, քանզի այդ ուժը զրոյական ինքնուրույնություն ունի և կցված է Սերժ Սարգսյանին)։

Ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է, թե իրենց թիրախը կոալիցիոն բոլոր ուժերն են, բայց դա ավելի շուտ «ատմազկա» է։ Հնարավոր չէ մի կողմից թիրախավորել կոալիցիան, իսկ մյուս կողմից այդ կոալիցիայի առաջին ջութակ ՀՀԿ–ի կողմից մարդիկ ընդգրկել սեփական ցուցակ։

Հնարավոր չէ մի կողմից քննադատել կոալիցիային և միևնույն ժամանակ ընտրահանձնաժողովի տեղերը տալ կոալիցիայի հիմնական ուժ հանդիսացող ՀՀԿ–ին։

Եվ վերջապես, հնարավոր չէ մի կողմից անհայտ ծագման փողերով թանկարժեք քարոզարշավ անցկացնել (Նուշիկյանի ականջը խուլ), իսկ մյուս կողմից խոսել թափանցիկությունից, կոռուպցիայի դեմ պայքարից և նման այլ բաներից։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Շատերը հետաքրքրվում են, թե ո՞րն է արթուրբաղդասարյանություն ու գեղամյանություն անելու Րաֆֆու շահը։ Ասել ենք ու էլի կասենք։ Բանն այն է, որ զրկված լինելով տարատեսակ ռեսուրսներից և ցանկանալով մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին՝ Ր. Հովհաննիսյանը մտավախություն ուներ, որ ԱԺ ընտրություններում չի հաղթահարի անհրաժեշտ 5%–ը, ինչը խաչ կքաշեր նախագահացու լինելու իր վարդագույն երազանքի վրա։ Դրա համար էլ նա կոմպրոմիսի գնաց նախագահական նստավայրի հետ՝ ստանձնելով Սերժ Սարգսյանի մրցակիցների դեմ հանդես գալու պարտավորությունը և դրա դիմաց ստանալով որոշակի ռեսուրսներ։ Ահա և գործարքի բուն էությունը։

Այս խորագրի վերջին նյութերը