Լրահոս

23.04.2012 14:13


Գլխավոր դատախազը` շահագրգիռ կողմ

Գլխավոր դատախազը` շահագրգիռ կողմ

Թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` Ռուբեն Հովսեփյանը: Ավելին, լրատվամիջոցների ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ նրա հաղթանակն ապահովելու համար Աղվան Հովսեփյանը գործուն եւ օրենքի շրջանակներից դուրս միջամտություն է ցուցաբերում:

Մասնավորապես, մամուլից հայտնի է դարձել, որ Աղվան Հովսեփյանը դիմել է քրեական աշխարհի հեղինակությունների օգնությանը, որոնք Երեւանի Աջափնյակ թաղամասում փորձում են վախի մթնոլորտ սերմանել եւ սադրանքներ են հրահրում: Որոշ լուրերի համաձայն, ուրբաթ և շաբաթ օրերին այս խմբի անդամները զինված հայտնվել են ԲՀԿ նախընտրական շտաբների մոտ, փորձելով հրահրել հակաօրինական գործողություններ: Միաժամանակ տեղեկություններ ենք ստանում, որ Աղվան Հովսեփյանն անձամբ է լինում իր եղբոր նախընտրական շտաբում:

Հայաստանում դիտորդական գործունեություն ծավալող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայային, ինչպես նաեւ հայաստանյան դիտորդական կազմակերպությունների ղեկավարներին կոչ ենք անում արձագանքել այս տգեղ եւ վտանգավոր երեւույթին, ինչպես նաեւ գլխավոր դատախազին կոչ անել անմիջական մասնակցություն չցուցաբերել նախընտրական պայքարին:

Դիտորդական կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում նաեւ այն փաստին, որ Աղվան Հովսեփյանը հովանավորյալներ ունի այլ ընտրատարածքներում ևս եւ հաճախ լինում է նաեւ նրանց շտաբներում:

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում անհապաղ արձագանքել այս մտահոգիչ երեւույթին եւ ամեն ինչ անել անցանկալի զարգացումներից խուսափելու համար:

«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնություն 

Այս խորագրի վերջին նյութերը