Լրահոս

23.04.2012 16:11


Թուրք պատմաբան Թաներ Աքչամը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ով հայտնի է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հրապարակումներով, գրքերով, ապրիլի 29–ին մասնակցելու է ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ռասին շրջանում կայանալիք Հայոց ցեղասպանության 97–րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Ս. Մեսրոպ հայ առաքելական եկեղեցու հրավերով՝ Աքչամը հանդես կգա ելույթով։

Ելույթի ժամանակ Աքչամը կխոսի Հայոց ցեղասպանության ճանաչման, Հրանտ Դինքի սպանության մասին։ Ս. Մեսրոպ եկեղեցու սարկավագ Չարլզ Հարդիի խոսքերով՝ տեղի հայ համայնքի համար թուրք պատմաբանի ելույթը մեծ իրադարձություն է. առաջին անգամն է, երբ թուրքական ծագումով մեկը ելույթ է ունենալու Վիսկոնսինի  հայ համայնքի առջև։

««Թուրք» բառը լսելիս շատ հայերի մեջ արթնանում են վատ հիշողություններ։ Մինչ այսօր շատ քիչ թուրքեր են եղել, ովքեր հրապարակայնորեն հայտարարել են, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել»,– տեղի «The Times Journal» պարբերականին ասել է սարկավագ Չարլզ Հարդին։

Ապրիլի 18–ին Թաներ Աքչամը ելույթ է ունեցել Ուորչեսթերի Քլարկ համալսարանում, որտեղ դարձյալ խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Թուրք պատմաբանն ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչումը հրատապ է ոչ միայն հին վերքերի ապաքինման կամ պատմական ճշմարտության վերականգնման համար, այլև Մերձավոր Արևելքի ապագայի։

Իր ելույթն Աքչամը եզրափակել է «Թուրքիան պետք է ճանաչի անցյալի իր վայրագությունները» նախադասությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը