Լրահոս

25.04.2012 09:53


Ն. Սարկոզի. «Ֆրանսիան Թուրքիայից պահանջում է վերանայել սեփական պատմությունը»

Ն. Սարկոզի. «Ֆրանսիան  Թուրքիայից պահանջում է վերանայել սեփական պատմությունը»

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մասնակցել է Փարիզում Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված արարողությանը՝  նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը երբեք չի վերանա, այդ տառապանքն ու ցավը փոխանցվում են սերնդեսերունդ:

 

Ներկաներին դիմելով որպես պետության ղեկավար, այլ ոչ թե որպես նախագահի թեկնածու՝ Սարկոզին ընդգծել է, որ մեծ պետություն լինելու առաջին նշանը իր բնակիչների կողմից սեփական պատմության ընկալումն է.

«Ֆրանսիան Թուրքիայից պահանջում է վերանայել սեփական պատմությունը: Դա թուլության նշան չէ: Դուք գիտեք, թե ես ինչքան եմ սիրում մեր երկիրը, սակայն երբ սխալ եմ տեսնում, ընդունում եմ այն, և գիտե՞ք ինչու՝ քանի որ անհնարին կլիներ ներել սխալը, եթե այն չի ճանաչվել։ Ֆրանսիան ճանաչել է, որ կատարվածը ցեղասպանություն է, ամբողջ աշխարհն է ճանաչում, որ եղածը ցեղասպանություն է: Այդ իրադարձությունը նման չէ պատերազմում կրած կորուստներին, քանի որ հայերը ոչնչացվում էին ուղղակի այն բանի համար, որ հայ էին: Բոլոր պատմաբանները դա գիտեն։ Ֆրանսիայի Հանրապետության տարածքում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումն անընդունելի է: Այս հարցի առնչությամբ ինձ շատերն են ընդդիմացել, ինչը ես չեմ հասկանում»։

Սարկոզին հայտարարել է՝ ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը կներկայացվի այս տարվա հունիսին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը