Լրահոս

25.04.2012 13:06


Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը քննարկել են ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգությունները

Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը քննարկել են ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգությունները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված՝ վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել: «Անշուշտ, այս բացասական երևույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, և ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրն է չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն ու ապահովել ազատ և արդար ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը»,-ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ թեև գործող օրենսդրությունը թույլ է տալիս հավուր պատշաճի կանխել կամ բացահայտել այս հանցագործությունը և պատժել այն կատարած անձանց, սակայն, խնդրի կարևորությունից ելնելով և օրենքի պահանջների առավել արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է օբյեկտիվորեն սեղմ ժամկետներում ձեռնարկել իրավիճակից թելադրվող լրացուցիչ միջոցներ:

Նախագահի համոզմամբ, առկա իրավական կարգավորումների շրջանականերում իրավասու մարմինների գործունեության առաջնայնություններից մեկը պետք է լինի ընտրակաշառք ստացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելը այն դեպքերում, երբ նրանք իրավապահպան մարմիններին կամովին հայտնել են այդպիսի փաստերի մասին և աջակցել հանցագործության բացահայտմանը: Հանրապետության նախագահի խոսքով՝ նման երաշխիքի պայմաններում մեկ անգամ սխալված քաղաքացին հնարավորություն կստանա աջակցել «ընտրակաշառքի» դեմ պայքարի գործընթացին՝ դրանով իսկ զերծ մնալով անխուսափելի պատժից:

Այս խորագրի վերջին նյութերը