Լրահոս

25.04.2012 15:52


ՄԱԿ-ի հայաստանայան գրասենյակը նշում է Երկիր մոլորակի միջազգային օրը

ՄԱԿ-ի հայաստանայան գրասենյակը նշում է  Երկիր մոլորակի միջազգային օրը

ՄԱԿ-ի աշխատակիցները, պետական պաշտոնյաները, քաղաքացիական հասարակությունը և միջազգային համայնքի ներկայացուցիչները մասնակցեցին Երկիր մոլորակի միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի բացմանը այսօր ՄԱԿ-ի գրասենյակում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է խրախուսել հայ նկարիչներին արվեստի միջոցով խթանել ՄԱԿ-ի արժեքները: Ցուցադրվում են հայ տաղանդավոր նկարիչ Կարեն Սահակյանի գունեղ կտավները:

Երկիր մոլորակի միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի բարձրացնել աշխարհում հանրային իրազեկվածությունը այն մարտահրավերների մասին, որոնց դիմագրավում է երկիր մոլորակը և նրա վրա գոյություն ունեցող կյանքը:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համար արդեն ավանդույթ է դարձել այս օրը նշել մեր շրջակա միջավայրը պահպանելու մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնող միջոցառումներով: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրերի հիմնական նպատակն է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանությունն ապահովելն ու բնական ռեսուրսների համար կայուն օգտագործման ճանապարհները փնտրելը: Որպեսզի այս ծրագրերը հաջողություն ունենան` մենք պետք է շարունակենք բարձրացնել տեղական համայնքների ներգրավվածությունը և կրթենք նրանց Երկիր մոլորակը պաշտպանելու իրենց պատասխանատվության մասին»:

Միավորված ազգերի կազմակերպությունը ճանաչում է 1992թ. Ռիո հռչակագրով ընդունված Երկրի հետ ներդաշնակության պահպանման հավաքական պատասխանատվությունը, որի նպատակն է հավասարակշռել ներկա և ապագա սերունդերի տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի պահանջները:

2012թ. հունիսին աշխարհի առաջնորդները հանդիպելու են Ռիո + 20 կայուն զարգացման խորհրդաժողովի ժամանակ` քննարկելու հետևյալ երկու թեմաները. ինչպես հասնել կայուն զարգացման և մարդկանց դուրս հանել աղքատությունից, և ինչպես բարելավել կայուն զարգացմանն ուղղված միջազգային համակարգումը:

Միջոցառումը կազմակերպել են ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև մայիսի 11-ը, ժամը` 15:00-17:00:

Այս խորագրի վերջին նյութերը