Լրահոս

25.04.2012 16:24


Ն. Փաշինյան. «Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա. երբ Դուք ինձ դարձնեք Ձեր պատգամավորը, Հայաստանը կալեկոծվի զարմանքից»

Ն. Փաշինյան. «Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա. երբ Դուք ինձ դարձնեք Ձեր պատգամավորը, Հայաստանը կալեկոծվի զարմանքից»

Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ նրանց ծրարով նամակ է հանձնում: Նամակը հասցեագրված է կոնկրետ անձանց։ Դրանում ասված է.

«Իմ անունը Նիկոլ Փաշինյան է: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն եմ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ: Հիմա պատգամավորի թեկնածու եմ Երևանի թիվ 7 ընտրատարածքում, որի ընտրողն եք Դուք: Իմ անունը առկա է նաև Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 7-րդ տեղում:

Գիտեմ` հոգնել եք, երբեմն` զզվել պատգամավորի զանազան թեկնածուներից, որ գալիս են ու գնում, իսկ Դուք մնում եք Ձեր հոգսերի ու խնդիրների հետ: Եվ չնայած սրան, ուզում եմ լինել Ձեր պատգամավորը: Ոչ թե «դեպուտատ» եմ ուզում դառնալ, այլ ուզում եմ լինել Ձեր պատգամավորը, որովհետև պատգամավոր լինել նշանակում է լինել ընտրատարածքի մարդկանց հավաքական կամքի, ցանկությունների, երազանքների կրողը, պայքարել նրանց պրոբլեմների լուծման համար:

Չեմ խոստանում ասֆալտ փռել, որովհետև դա պատգամավորի գործ չէ: Խոստանում եմ պարտադրել քաղաքապետարանին, որ անեն ավելի շատ ասֆալտ, քան անում են ընտրությունից ընտրություն: «Օգնություն» չեմ բաժանում. դա պատգամավորի գործ չէ: Բայց խոստանում եմ հետևողական լինել, որ «բարեգործները» վճարեն օրենքով սահմանված հարկերը, և այն, ինչ Ձեզ առաջարկվում է որպես «լավություն», ստանաք որպես վաստակած հասանելիք` թոշակի, նպաստի, աշխատավարձի, ձևով: Պրոտեզ կամ ակնոց չեմ բաժանում, վիրահատության չեմ տանում, բայց խոստանում եմ հետևողական լինել, որ պետպատվերով հասանելիք արժանապատիվ բուժսպասարկումից օգտվեք առանց ծանոթի: Իմ խնդիրն է դառնալ Ձեր «ծանոթն» ու բարեկամը կառավարության, թաղապետարանի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ Ձեր օրինական հարաբերություններում:

Չեմ ասում, թե ընտրատարածքը դրախտ եմ դարձնելու: Սխալ չհասկանաք: Մի բանում վստահ եղեք՝ իմ ընտրության դեպքում Ձեզ հետ հաշվի են նստելու, երաշխավորում եմ: Ձեզ լսելու են, Ձեր ասածները ականջի հետև չեն գցելու, ու մենք իրար հետ լինելու ենք դուխով և ուժեղ:

Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա: Երբ Դուք ինձ դարձնեք Ձեր պատգամավորը, Հայաստանն ալեկոծվելու է զարմանքից, Ձեր շնորհիվ, Ձեր որոշմամբ` նորոգվելու է Հայաստանի հավատը: Հիմա մի՛ որոշեք ոչինչ. մինչև մայիսի 6-ը ժամանակ կա: Ու եթե մտքներովդ անցավ ինձ դարձնել պատգամավոր, ոչ ոքի մի՛ ասեք այդ մասին: Դա թող լինի մեր գաղտնիքը: Ժպտացե՛ք խորհրդավոր: Եկեք անակնկալ մատուցենք Հայաստանին:
Ձեր Նիկոլ Փաշինյան
Հայ ազգային կոնգրես»:

Այս խորագրի վերջին նյութերը