Լրահոս

25.04.2012 17:29


Վ. Կարապետյանի լիազոր ներկայացուցչի հայտարարությունը

Վ. Կարապետյանի լիազոր ներկայացուցչի հայտարարությունը
Վ. Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի հայտարարությունը ի պատասխան թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու  Ս. Ֆարմանյանի նախընտրական շտաբի 20.04.2012թ. և 23.04.2012թ. մամլո հաղորդագրությունների

 ՀՀԿ ներկայացուցչի տարածած նշված հաղորդագրությունները աղավաղում են փաստերը եւ Ֆարմանյանի նախընտրական շտաբի համար արդեն սովորական դարձած ձեւով` ներկայացնում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

20.04.2012թ. հաղորդագրության մեջ ասվում է, որ թեկնածու Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչը հայտնել է հանձնաժողովին, որ հրաժարվում է ներկայացված դիմումից, որից հետո հանձնաժողովը որոշում է կայացրել կարճել հարուցված վարչական վարույթը: ՀՀԿ ներկայացուցիչները միտումնավոր շրջանցում են այն փաստը, որ թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում արդեն տեղի էր ունեցել դիմումի ամբողջական քննարկում և արդեն իսկ պարզ էր ինչպիսի որոշում է կայացվելու, որից հետո միայն ՀՀԿ-ականները հետ վերցրեցին դիմումը: Այնուամենայնիվ, ես պնդել եմ ՀՀԿ ներկայացուցիչների դիմումի քննարկման հիման վրա ընդունել որոշում՝ կարելի՞ է շենքերի պատերին փակցնել թեկնածուների քարոզչական նկարները, թե՞ ոչ:

ՀՀ օրենսդրությունը համատիրություններին իրավունք չի տալիս թեկնածուների միջև խտրական մոտեցում կիրառել: Մեկ թեկնածուին տրված համաձայնությամբ համատիրությունները արդեն փաստում են, որ դեմ չեն, որպեսզի համապատասխան շենքերի պատերին փակցվեն նաեւ այլ թեկնածուների քարոզչական պաստառներ:

     Այսպիսով, իմ նախորդ դիմումի արդյունքում ՀՀԿ նախընտրական շտաբը մեկ օրվա ընթացքում մեծ եռանդով և բոլոր իշխանական լծակները օգտագործելով ստացել էր համատիրությունների թույլտվություններ թիվ 2 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով թեկնածուների քարոզչական պաստառներ փակցնելու համար:

     Ուստի կարիք չկա հանրությանը մոլորության մեջ գցել և օրենքի ուժով պարտադրված քայլը որպես լավություն ներկայացնել:

     Ավելի ազնիվ կլիներ, եթե Ս. Ֆարմանյանի 23.04.2012թ. մամլո հաղորդագրությունում խոսվեր ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի երկու պահանջների մասին, որոնցից մեկը`«առանց մակերեսի սահմանափակման, քարոզչական պաստառների համար վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնելու» մասին է, որին իշխանական թեկնածուն չէր ցանկանում հետեւել: Ս. Ֆարմանյանը 15 մ2-ից մինչև 18 մ2 ծավալով թվով 27 քարոզչական պաստառները  բազմաբնակարան շենքերի պատերին փակցրել էր առանց որեւէ վճարի: Իմ դիմումի քննարկման օրը՝  ապրիլի 23-ին, Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ  նույն օրը վճարվել է 50.000 դրամ (մեկ հսկայական պաստառի համար` 1852 (!) դրամ): Դրանով իշխանության ներկայացուցիչն ընդունեց, որ մինչ վճարման պահը խախտվել էր ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ  հոդվածի 4-րդ կետի պահանջը, որի արդյունքում տուժել էր համայնքային բյուջեն:

    Փաստերը աղավաղող հայտարարություններ տարածելու փոխարեն Ս. Ֆարմանյանը պետք է ընդուներ, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ  հոդվածի 4-րդ կետի պահանջները չի կատարել, այլապես Ընտրական օրենսգրքի պահանջով և իմ պնդմամբ Ս. Ֆարմանյանի հիմնադրամից Նոր Նորքի վարչական շրջանի հաշվեհամար չէր կատարի նախնական 50.000 դրամ փոխանցում՝ խոստանալով իրականացնել լրացուցիչ վճարումներ:

 Իմ դիմումը մերժելու մասին ԸԸ հանձնաժողովի 23.04.2012թ. որոշումը չի կարող օրինական  համարվել, քանի դեռ ՀՀԿ թեկնածուի շտաբը չի հրապարակել Երևան համայնքի ղեկավարի համաձայնությունը՝ 5 մ2-ուց ավելի պաստառներ փակցնելու համար, ինչպես նաև Ս. Ֆարմանյանի պաստառների էսքիզների օրինակները՝ հաստատված Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից, ինչպես դա արվել է Վ. Կարապետյանի միակ քարոզչական պաստառի դեպքում:

Հ.Գ. Առնվազն ազնիվ չէ՝ նախընտրական հիմնադրամից 9 միլիոն 508 հազար դրամի ծախս կատարելուց հետո փորձել մտնել ընտրողների գրպանը: Համոզված եղեք, որ թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր  Կարապետյանի նախընտրական շտաբը` իր թեկնածուի գլխավորությամբ հետևողական է լինելու ՀՀԿ թեկնածուի հիմնադրամից  մինչև օրս չվճարված գումարների վճարմանը համայնքային բյուջե, ինչպես նաեւ պարտադրելու է կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջները:

Թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության  թեկնածու Վ. Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյան

Այս խորագրի վերջին նյութերը