Լրահոս

26.04.2012 09:45


Չեմպիոնների լիգա. Մյունխենի «Բավարիան» անցել է եզրափակիչ

Չեմպիոնների լիգա. Մյունխենի «Բավարիան» անցել է եզրափակիչ

Մյունխենի «Բավարիան» անցել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ փուլում «Բավարիան» հաղթանակ է տարել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ Կիսաեզրափակչի առաջին խաղն ավարտվել էր 2։1՝ հօգուտ «Բավարիայի»։ Պատասխան խաղում նույն՝ 2։1 հաշվով հաղթել է «Ռեալը»։ Մրցավարի ավելացրած ժամանակում էլ մրցակիցները չեն կարողացել վճռել կիսաեզրափակչի ելքը։ Միայն 11–մետրանոց հարվածների շնորհիվ է «Բավարիային» հաջողվել առավելության հասնել «Ռեալի» նկատմամբ՝ 3։1։

Խաղի հաշիվը առաջին խաղակեսի 6–րդ րոպեին բացել է Քրիշտիանու Ռոնալդուն, ով դիպուկ իրացրել է մրցավարի նշանակած 11–մետրանոցը։ Խաղի 14–րդ րոպեին Ռոնալդուն կրկնապատկել է «Ռեալի» առավելությունը։ «Բավարիայի» միակ գոլը 28–րդ րոպեին 11–մետրանոց նշանակետից խփել է Արյեն Ռոբբենը։

11–մետրանոց հարվածաշարում «Բավարիայի» ֆուտբոլիստները իրացրել են 5 հնարավորից 3–ը։ Աչքի են ընկել Ալբան, Գոմեսը և Բաստիան Շվանշտայգերը։ Թոնի Կրոսի և Ֆիլիպ Լամի հարվածները հակադարձել է «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը։

Մադրիդցիները 5 հարվածից կարողացել են իրացնել միայն մեկը, և դա հաջողվել է Խաբի Ալոնսոյին։ Ռոնալդուի և Կակայի հարվածները հակադարձել է«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, իսկ Սերխիո Ռամոսը դարպասից բարձր է հարվածել։

Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» կխաղա Լոնդոնի «Չելսիի» հետ, որը կիսաեզրափակիչ երկու հանդիպումների ընթացքում առավելության էր հասել «Բարսելոնայի» նկատմամբ։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 19–ին Մյունխենի «Ալյանս Արենա» մարզադաշտում։

Այս խորագրի վերջին նյութերը