Լրահոս

26.04.2012 09:50


Պատասխան «Ռադիկալին»

Պատասխան «Ռադիկալին»

Հայության զարկերակը շոշափելու համար Թուրքիայի Հանրապետությունը բազմաթիվ ու բազմազան ձևեր է կիրառում, և վերջերս «Ռադիկալ» օրաթերթում տպված հոդվածը դրանցից մեկն է:

 Հոդվածագիրը` թուրք լրագրող, հրապարակախոս Օրհան Քեմալ Ջենգիզը,  գտնում է, թե միջազգային որևէ դատարան Հայկական Հարցի շրջանակում Թուրքիայի Հանրապետությանը չի կարող մեղավոր ճանաչել:

Արժե հոդվածագրին հարցնել. իսկ «ինչո՞ւ այդպես միանշանակ», իսկ «ո՞վ է Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդը», կամ «ո՞վ չգիտի, որ ցեղասպանության հանցագործության նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում», ինչը նշանակում է, թե ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը՝ որպես Օսմանյան Թուրքիայի ժառանգորդ, պատասխանատու է 1894-1923թթ. երեք թուրքական` օսմանյան, երիտթուրքական, քեմալական, կառավարությունների կողմից իրականացված մարդատյաց, ռասիստական ու հայատյաց քաղաքականության համար, որի համար և պետք է հատուցի:

Հայոց ցեղասպանությունը չի սահմանափակվում 1915-ով: Եթե թերթելու լինենք վերջին 150 տարիների պատմությունը, ապա վեր կհառնեն 1894-1896-ի` Կիլիկիայի, 1909-ի` Ադանայի կոտորածները, 1915-17թթ.` Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության ողջ տարածքում իրականացված հայերի համապարփակ ցեղասպանությունը, 1918-23թթ.` կոտորածները, ջարդերն ու բռնագաղթը:

Այնուհետև թուրք հրապարակախոսը կենտրոնանում է միայն բարոյական և ֆինանսական փոխհատուցման հարցի վրա՝ մոռացության մատնելով, որ կա ավելի առաջնային խնդիր` տարածքային` Արևմտյան Հայաստանը, ներառյալ Կիլիկիան: Հիշեցնենք, որ 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը վավերացրեց «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի մասին» Իրավարար վճիռը, ինչի մասին դժվար թե «Ռադիկալի» հոդվածագիրը չիմանար:

 Գալով անհատական փոխհատուցման խնդրին՝ ապա ի՞նչ անհատական փոխհատուցման մասին է խոսքը, մի՞թե թուրքերը հայերին իրենց տներից դուրս են հրավիրել` համոզելով վերցնել անձնական փաստաթղթերը: Ո՞ր անհատին են փոխհատուցելու, նրան, ում Դեր-Զորի ճանապարհին գլխատեցի՞ն, թե չծնված երեխաներին, թոռներին ու ծոռներին…

 Անհատական փոխհատուցման խնդիրը ևս մեծ կեղծիք է` մեծ հանցագործությունը շրջանցելու նպատակով: Հանցագործությունն իրականացվել է ժողովրդի նկատմամբ, ուստի փոխհատուցումն էլ ժողովրդինն է:

 Արևմտյան Հայաստանի Կառավարության Լրատվական բաժին

Այս խորագրի վերջին նյութերը