Լրահոս

26.04.2012 13:39


Սաթիկ Սեյրանյան. «ԱԺ–ն դառնում է անդեմ, գորշ ու անորակ զանգված»

Սաթիկ Սեյրանյան. «ԱԺ–ն դառնում է անդեմ, գորշ ու անորակ զանգված»

Այսօր ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը Մամուլի ազգային ակումբի հետ համատեղ բանավեճ էր կազմակերպել մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածուների միջև։ Թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Սաթիկ Սեյրանյանն ասել է, թե մեծամասնականով առաջադրված մյուս թեկնածուները չունեն ծրագրեր։

Սաթիկ Սեյրանյանը ներկայացրել է իր կարգախոսը՝ «Խմբագրենք Ազգային ժողովը»։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովը խմբագրման կարիք ունի այն իմաստով, որ պետք է տարանջատել կարևորն ու անկարևորը.

–Տարիների ընթացքում տեսնում ենք, որ ԱԺ–ն դառնում է անդեմ, գորշ ու անորակ զանգված, մարդիկ ստիպողաբար են բերվում աշխատանքի,–ասել է Սաթիկ Սեյրանյանը։

Նա նաև ասել է, թե շատ մարդիկ չեն հասկանում պատգամավորի դերը։ Քաղաքացիները դիմում են այնպիսի հարցերով, որոնցով պետք է դիմեին ՏԻՄ–ի ներկայացուցիչներին՝ վերելակ նորոգել, ասֆալտապատել փողոցները և այլն։ Մեղավորությունը, Սաթիկ Սեյրանյանի կարծիքով, նաև թեկնածուներինն է, ովքեր նմանատիպ խոստումներ են տալիս։ Դա հիմնականում իշխանական թեկնածուներն են, իշխանությունն էլ օգտագործելով իր լծակները՝ կատարում է նմանատիպ աշխատանքներ՝ վերագրելով դրանք իր թեկնածուին։

Թեկնածուն անդրադարձել է նաև ընտրակաշառքների խնդրին և զգուշացրել, որ վաճառելով իր ձայնը՝ քաղաքացին զրկվում է իր պատգամավորի վրա ազդելու հնարավորությունից։

–Եթե մարդը գնել է ձայնը, ապա ընտրողը այլևս ոչ մի պարտք ու պահանջ չի կարող ներկայացնել պատգամավորին,–ասել է Սաթիկ Սեյրանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը