Լրահոս

26.04.2012 15:04


Սուրեն Սիրունյան. «Հայաստանի ապագան արդար ընտրություններից է կախված»

Սուրեն Սիրունյան. «Հայաստանի ապագան արդար ընտրություններից է կախված»

Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած բանավեճի ժամանակ թիվ 5 մեծամասնական ընտրատարածքում առաջադրված անկուսակցական թեկնածու Սուրեն Սիրունյանը հայտարարել է, որ իր առաջադրման գլխավոր նպատակն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն են, և որ ազատ ընտրություններից է կախված Հայաստանի ապագան.

–Քանի որ մարտի 1–ի դեպքերից հետո ես հայտնվել էի ազատազրկման վայրում ընտրությունները բողոքարկելու արդյունքում, որոշեցի, որ իմ նպատակը պետք է լինի տվյալ ընտրատարածքում, որտեղ առաջարդվել եմ, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելը։ Այս պահի դրությամբ հիմնական շեշտը դրված է այն բանի վրա, որ ընտրողն ընտրատարածքում լինելու ընթացքում քվեարկի որևիցե կուսակցության կամ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի օգտին այնպես, ինչպես իր խիղճն է թելադրում, և երբ ընտրողը դուրս գա ընտրատարածքից, իր մեջ համոզված լինի, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության։

Սուրեն Սիրունյանն ասել է, որ թիմեր է ձևավորելու, որոնք պետք է հետևեն ընտրությունների արդար և թափանցիկ լինելուն, և շեշտել է, որ այդ թիմերը պաշտպանելու են ոչ միայն իր օգտին ստացած ձայները, այլ ընտրողների բոլոր քվեաթերթիկները՝ անկախ այն հանգամանքից, թե ում է ընտրողը տվել իր ձայնը։ Սիրունյանը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել մեծամասնական ընտրակարգով առաջադրված այլ թեկնածուների հետ.

–Ես պատրաստ եմ ինքս բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքների թեկնածուների հետ ստորագրել որևիցե փաստաթղթի տակ՝ դա գրած կլինի ՀՅԴ–ն, «Բարգավաճ Հայաստանը», ՀՀԿ–ն, թե ցանկացած այլ կուսակցություն, որտեղ կարտացոլվեն ընտրությունների արդար անցկացման բոլոր դրույթները։

Սուրեն Սիրունյանը նշել է նաև, որ ի սկզբանե պատրաստվում էր առաջադրվել թիվ 4 ընտրատարածքում, սակայն հարգելով այդ ընտրատարածքում առաջադրված երկու կանանց՝ Սաթիկ Սեյրանյանին և Զարուհի Փոստանջյանին, և կարևորելով կանանց դերը ԱԺ աշխատանքներում, որոշել է չառաջադրվել կանանց դեմ և կոչ է արել մյուս թեկնածուներին ևս հանել իրենց թեկնածությունները, որպեսզի պայքարն ընթանա Սաթիկ Սեյրանյանի և Զարուհի Փոստանջյանի միջև։

–Ստիպված առաջադրվեցի 5–րդ ընտրատարածքում, որովհետև որոշել էի, որ պետք է անպայման առաջադրվեմ,–ասել է Սիրունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը