Լրահոս

26.04.2012 15:12


Ովքե՞ր են «00/00» տվյալներով ընտրողները

Ովքե՞ր են «00/00» տվյալներով ընտրողները
Օրերս www.zham.am ինտերնետային կայքում հրապարակված ««00/00» տվյալներով քաղաքացիներ ընտրացուցակներում` ովքեր են նրանք» հոդվածում «խախտումներ» և «բացթողումներ» են որակել «00/00» տվյալներով ընտրողների առկայությունը ընտրացուցակներում:
Տեղեկացնում ենք, որ հիշյալ հարցի առնչությամբ ոստիկանությունը մի շարք պարզաբանումներ է տվել: Հարկ ենք համարում կրկին իրազեկել, որ «00/00»-ի առկայությունը ոչ թե բացթողում է, այլ` օրինաչափություն:
ՀՀ-ում 52984 ընտրողների անձնագրավորման համար հիմք հանդիսացած ինքնությունը հաստատող  փաստաթղթերում (ծննդյան վկայականներում, ԽՍՀՄ քաղաքացու անձնագրերում) բացակայում են ծննդյան օրվա և ամսվա վերաբերյալ տվյալները: Որպես կանոն, այդ տվյալները բացակայում են տարեց և խորհրդային շրջանում հայրենադարձված քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում:
Մինչև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների հիմնադրումը,  ՀԽՍՀ գյուղական շրջանների բնակիչների ծնունդը գրանցվում էր գյուղական խորհուրդներում: Ծնունդը գրանցելիս հաճախ նշվել է միայն բնակչի ծննդյան տարեթիվը: Միայն ծննդյան տարեթիվ են պարունակել նաև ԽՍՀՄ հայրենադարձված սփյուռքահայերի (իրանահայերի, լիբանանահայերի, սիրիահայերի և այլն) ԽՍՀՄ անձնագրերը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո (1995 թ. նոյեմբերի 6), երբ ՀԽՍՀ բնակիչները ճանաչման եղանակով ձեռք բերեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, նրանց անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները (միայն ծննդյան տարեթվով) օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում:
ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը