Լրահոս

26.04.2012 15:44


Պաշտոնական այցով Հայաստանում է Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության պատվիրակությունը

Պաշտոնական այցով Հայաստանում է  Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության պատվիրակությունը

Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին 3 տարիներին մեկնարկած բարեփոխումները հետաքրքրություն են առաջացրել արտերկրում և համապատասխան միջազգային կառույցներում: Այդ նպատակով տարբեր երկրների  հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար փոխադարձ այցելություններ են կազմակերպվում:

Ապրիլի 24-27-ը պաշտոնական այցով մեր երկրում է Լատվիայի պետական եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն տիկին Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է` քննարկել երկու գերատեսչությունների հարկային և մաքսային ոլորտներում և փորձի փոխանակման ասպարեզում երկկողմանի համագործակցության հարցեր: Պաշտոնական այցի ընթացքում հյուրերը հանդիպումներ են ունեցել կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` հարկային եւ մաքսային ոլորտներում ապագա համագործակացության հնարավոր ուղղությունները: Լատվիայի պետական եկամուտների ծառայության պատվիրակությունը ծանոթացել է ՊԵԿ-ի տեղեկատվական  տեխնոլոգիաների վարչության և հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի գործունեությանը: Հյուրերն այցելել են նաև Արաբկիրի և Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություններ, շրջել սպասարկման կենտրոններում,  հետևել աշխատանքային գործընթացներին: Ի դեպ, լատվիացի հյուրերին` ի թիվս ներկայացրած մի շարք նորամուծությունների, հաճելիորեն զարմացրել է նաև տեղեկատվական և վճարային տերմինալների կիրառումը:  Այնուհետև ՊԵԿ Ուսումնական կենտրոնի դահլիճներից մեկում հայ և լատվիացի գործընկերները  քննարկել են հետագա անելիքները: Կողմերը եզրահանգել են, որ Հայաստանի և Լատվիայի պետական եկամուտների համակարգերը շատ ընդհանրություններ ունեն, մասնավորապես այն առումով, որ հանդիսանում են միավորված՝ հարկային, մաքսային և սոցիալական վճարների վարչարարության համար իրավասու գերատեսչություններ, իրականացնում են նույն գործառույթները, ունեն նմանատիպ նախադրյալներ և նույնանման տեսակետներ համակարգերի հետագա զարգացման վերաբերյալ:

Տիկին ՆԵզդակովան, ներկայացնելով իր ղեկավարած կառույցը, որը գործում է 1993 թվականից, տեղեկացրել է Լատվիայի պետական եկամուտների ծառայության կողմից իրականացված բարեփոխումները՝ ճգնաժամանային և հետժգնաժամանային ժամանակահատվածներում, որպես հաջողության գրավականներից մեկը նշելով կառուցվածքային վերակազմակերպումը և կառավարման եռաստիճան համակարգից անցումը դեպի կենտրոնացված՝ մեկաստիճանական համակարգի, որտեղ տարածքային մակարդակով կազմակերպվում են միայն հարկ վճարողների սպասարկման ստորաբաժանումների աշխատանքները: Կարևորելով հարկ վճարողների որակյալ սպասարկման անհրաժեշտությունը, Լատվիայի պատվիրակության ղեկավարը նկատել է, որ Հայաստանում ևս այդ ուղղությամբ զգալի աշխատանք է արվել` ողջունելով հատկապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառումը և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնումը: Ինչ վերաբերում է ճգնաժամի հաղթահարման խնդիրներին, ապա ըստ Նելիա Եզդակովայի, ձեռնարկված խիստ տնտեսման միջոցառումների շնորհիվ իրենց հաջողվել է խուսափել խոշոր ցնցումներից: Լատվիացի գործընկերներն ընտրել են հարկային դրույքաչափերի, մասնավորապես՝ ԱԱՀ-ի տոկոսադրույքի, բարձրացման ուղղությունը:

Հանդիպման ընթացքում միաժամանակ հարկային և մաքսային բարեփոխումների թեմաներով երկկողմանի շնորհանդեսներ են անցկացվել: Հայ մասնագետները լատվիացի գործընկերներին ներկայացրել են էլեկտրոնային կառավարման բնագավառում իրականացված բարեփոխումները, մասնավորապես` «Հարկ վճարողների սպասարկում», «Հարկատու-3», «Գործարարի անձնական գրասենյակ» ծրագրերը: Լատվիայի պատվիրակության անդամներին հետաքրքրել է մեր էլեկտրոնային կառավարման մոդելը: Կարևորելով փորձի փոխանակումը, տ-ն Եզդակովան ընդգծել է, որ թեպետ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը Լատվիայում մեկնարկել է դեռևս 1996-ից՝ հաշվի առնելով այդ ժամանակաշրջանի լավագույն միջազգային փորձը, այնուամենայնիվ իրենք հետաքրքրված են մի շարք լուծումների հարցում՝ ուսումնասիրել և ընդօրինակել հայաստանյան գործընկերների փորձը: Ընդհանուր առմամբ, հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում, ավարտվել հարց ու պատասխանով:

Հարկ է նշել, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարկային և մաքսային ոլորտներում  փոխգործակցությունը երկար տարիների պատմություն ունի: 2002-ից արդեն իսկ գործում է «ՀՀ և Լատվիայի Հանրապետության  միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան, իսկ 2006-ից` «Մաքսային հարցերում փոխօգնության վերաբերյալ» համաձայնագիրը: Այս պաշտոնական այցի ընթացքում ևս մեկ փոխգործակցության հիմք դրվեց. ապրիլի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ և Լատվիայի Հանրապետության ՊԵԾ ղեկավարների կողմից ստորագրվեց □ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Լատվայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ□  համաձայնագիրը: Եվրոպական Միության անդամ հանդիսացող Լատվիայի պետական եկամուտների ծառայության հետ փորձի և տեղեկատվության փոխանակության ընդլայնումը օգտակար կլինի Հայաստանի հարկային և մաքսային մարմինների համար՝ օրենսդրության և վարչարարության կատարելագործման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից: Համաձայնագրի ստորագրումը մեծ դեր կունենա նաև հարկերից խուսափելու դեմ պայքարում՝ երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակության խորացման շնորհիվ:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ընդգծել է, որ ստորագրված համաձայանագիրը ևս մեկ քայլ է Եվրամիության անդամ երկրների հետ մեր հետագա հարաբերությունների զարգացման ուղղությամբ, մասնավորապես միջգերատեսչական համագործակցության առումով. «Լատվիան հաստատել է ստվերային տնտեսության դեմ պայքարի ծրագիրը և մենք ցանկություն հայտնեցինք համագործակցել նաև այդ բնագավառում: Բացի այդ, մեզ շատ հետաքրքրեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես էլետրոնային  դարանների, արխիվների վարման իրենց փորձը: Մեր մասնագետների ուսուցման, փոխայցելությունների շուրջ ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել»:

Լատվիայի պետական եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովայի խոսքերով, ստորագրված համաձայանգիրը նշանակալի իրադարձություն է երկու գերատեսչությունների համար. □Սա շատ կարևոր համաձայանգիր է, փորձի փոխանակումն օգտակար կլինի երկու գերատեսչությունների համար: Վստահ եմ, որ մեր այցելության ընթացքում սկիզբ դրված սերտ փոխգործացկությունը կշարունակվի և մեր հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի□:

Լատվիայի պետական եկամուտների ծառայության պատվիրակությունն այցելել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:  «Մենք կիսում  ենք ձեր վիշտը, սգում ենք ձեզ հետ միասին»,-ասել է Նելիա Եզդակովան:  

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը