Լրահոս

27.04.2012 10:46


Արթուր Բաղդասարյանի առաջարկից Մհեր Համբարձումյանը (Թույների Մհերը) իրեն «քցված» է զգացել

Արթուր Բաղդասարյանի առաջարկից Մհեր Համբարձումյանը (Թույների Մհերը) իրեն «քցված» է զգացել

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՕԵԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկ ներկայացրած 18-րդ համարը՝ «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանը (Թույների Մհեր), համարվում էր ՕԵԿ-ի՝ Մասիս քաղաքի և հարակից գյուղերի հենարանը՝ ձայներ ապահովողը:

ՕԵԿ-ից Համբարձումյանի ինքնաբացարկը մեկնաբանել էին որպես կուսակցական որոշում՝ պատճառաբանելով, թե նա զբաղվելու է կուսակցության խնդիրներով: Այս մեկնաբանությունը, սակայն, ինչպես թերթի հետ զրույցում նկատել են մասիսցիները, առնվազն ծիծաղելի է` հաշվի առնելով, որ կուսակցության խնդիրներով զբաղվելու դեպքում Համբարձումյանը քաղաքից չէր հավաքի ՕԵԿ-ի բոլոր զովազդները, ցուցապաստառները և չէր փակի գրասենյակները:

Քաղաքում շրջող լուրերով՝ Համբարձումյանն ու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պայմանավորվել էին, որ բիզնեսմենը ՕԵԿ-ի համար Մասիսից ապահովելու է ութ հազար ձայն, ինչի համար արվող ծախսերի 1/3-ը հոգալու է անձամբ, իսկ 2/3-ը հոգալու է կուսակցությունը:

Համբարձումյանի մտերիմները թերթին հայտնել են, որ «Բույսերի աշխարհի» հիմնադիրն արել է իր «փայ» ծախսը, Մասիսում ապահովել ամենաշատ քարոզչական պաստառները, 20-30 գրասենյակ բացել, ցուցակագրել 8 հազ. քաղաքացու, և երբ գնացել է Արթուր Բաղդասարյանի մոտ՝ նախընտրական ծախսերը կոմպենսացնելու, վերջինս ասել է՝ փող չկա, կարող ենք հեռախոս տալ:
Իրեն «քցված» համարելով՝ Համբարձումյանը ետ է գնացել, ինքնաբացարկի դիմում գրել, փակել իր բացած բոլոր շտաբներն ու հավաքել բոլոր պաստառները:

«Հայկական ժամանակ»-ը  գրում է, որ նույն երեկոյան Մասիս է այցելել ՕԵԿ-ական պատվիրակությունը՝ Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ, և փորձել Համբարձումյանին համոզել, թե եթե մնա կուսակցությունում, «100%-ով պատգամավոր է դառնալու», ինչը, սակայն, չի ստացվել: Մասիսցիները պատմում են նաև, որ այնուհետև ՕԵԿ-ականները քաղաքով նեկ գրասենյակ են փնտրել, բայց այդ օրվա դրությամբ չի հաջողվել գտնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը