Լրահոս

27.04.2012 15:12


Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների բաց նամակ-հայտարարությունը

Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների բաց նամակ-հայտարարությունը

«Մենք` Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներս արդեն մի քանի օր է ոտքի ենք ելել եւ պահանջում ենք օրենքի գերակայություն: Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից տեղի է ունեցել մեր համալսարանի ռեկտորի հեռացման կամայական որոշում, որից հետո ԵՊԼՀ ուսանողներիս մեծաքանակ բողոքը մինչ օրս մնացել է անպատասխան ՀՀ պատկան մարմինների կողմից: Մենք համարում ենք եւ համոզված ենք, որ խախտվել են մեր` ուսանողներիս իրավունքները, կոպիտ միջամտություն է տեղի ունեցել բուհի ինքնավար գործունեությանը: Անընդունելի փաստ եւ հանգամանք է նաեւ, որ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը` քաղաքականացված խամաճիկ Հասմիկ Ափյանի գլխավորությամբ եւ ընդամենը 20 հոգանոց անփոփոխ ու «մշտակտիվ» խմբակով խոչընդոտում է մեր բողոքի ակցիաներին: Խնդիրն այն է, որ Հայաստանի բոլոր կրթական հաստատությունների ուսանողական խորհուրդները լիովին կուսակցականացված են եւ ծառայում են որպես գործիք այդ կուսակցությունների համար՝ խեղդելով բազմակարծությունն ու ազատությունը ՀՀ բուհերում: Սա արդեն մենք դիտարկում ենք որպես իրենց իրավասությունների չարաշահում:

Մենք` ԵՊԼՀ մոտ 600 ուսանողներս, ամեն օր երթով շարժվում ենք դեպի ՀՀ կառավարություն եւ կրթության ու գիտության նախարարություն` օրինական պարզաբանումներ պահանջելով նախարարի ապօրինի որոշումների համար: Սակայն, մեզ` անկախ ու անկուսակցական ուսանողներիս, նախարարը նույնիսկ չի հանդիպում` համարելով ապրիլի 19-ին ԵՊԼՀ-ում ուսանողների հետ «չկայացած» եւ «ձեւական» հանդիպումով իր առաքելությունն ավարտված: Ավելին, վերոնշյալ հանդիպումը տապալվեց, որովհետեւ հենց մեզ`ուսանողներիս վրա միտումնավոր ճնշում գործադրվեց» մեր ընկերոջն անհիմն կերպով տարան ոստիկանություն: Իսկ հուսահատ նախարարը` միայնակ մնալով իր կուսակցական անսկզբունք «ընկերների» հետ (ովքեր վաղը-մյուս օրը նույն հաջողությամբ կարող են արագ կերպով տեղափոխվել այլ կուսակցություն), շարունակեց իր անգիր արված պատասխանները, իսկ մենք գնացինք ոստիկանություն` մեր ընկերոջն ազատելու եւ եւս մեկ անգամ օրենքի գերակայություն պահանջելու: 

Սակայն այսքանով խախտումները չսահմանափակվեցին. նոր պաշտոնակատար` Գայանե Գասպարյանը, ով նշանակվելուն պես փորձում է ներքին կարգով ճնշում գործադրել մեզ վրա, չարաշահելով իր լիազորությունները եւ գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետը՝ հրահանգել է անորոշ ժամանակով հետաձգել գիտական խորհրդի արտահերթ նիստը:

Նա նաեւ լրատվամիջոցներում նաեւ հայտարարել է. «3000 ուսանողների մեջ ընդամենը 30-50 հոգին դա ուսանողություն չի, եթե նրանք դասադուլ են հայտարարում, դա իրենց գործն է: Ես չեմ համարում, որ մեր ուսանողներն են դասադուլ հայտարարում»:

Այս հայտարարությունը խիստ վրդովմունք է առաջացրել ոչ միայն մեր համալսարանի ուսանողության շրջանում, այլ նաեւ ներպետական եւ միջազգային մասշտաբով: Եթե պրոֆեսորը ուսանողությունը տարանջատում է եւ նրանց իրավունքները ոտնահարելու քայլերի դիմում` ինչեր ասես կարելի է սպասել նրա պաշտոնավարման ժամանակահատվածից, պատկերացնո՞ւմ եք:

Ելնելով այս իրավիճակից`մենք համախմբվել եւ ստեղծել ենք «Ազատ ուսանողների ֆորում», որն իր առջեւ խնդիր է դրել վերականգնել արդարությունը: Կոչ ենք անում բոլորիդ բարձրաձայնել այս խնդիրը նաեւ Ձեր իրավասության տակ գտնվող ատյաններում, ինչպես նաեւ շեշտել, որ այս ամենն իրենց ուժերով եւ նախաձեռնությամբ, համախմբված եւ իրենց իրավունքների պաշտպանությանը տեղյակ եւ հասուն ոսանողների քայլեր են:

Այս պահին մենք ցանկանում ենք մեր ձայնը լսելի դարձնել եւ հասարակության ուշադրությունը գրավել այս խնդրի շուրջ: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում խախտվել են բազմաթիվ օրենքներ, որոնց կառավարությունը ուշադրություն չի դարձնում, անտեսում է իր երկրի ապագան ստեղծող եւ ձեւավորող նոր սերունդի ձայնը:

Այս բաց նամակով «Ազատ ուսանողների ֆորումը» խնդրում է բոլոր պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների աջակցությունը: Ամեն ժամ շարունակվում են ոտնահարվել մեր իրավունքները` որպես ուսանող, որպես ժողովրդավար Հայաստանի հանրապետության ազատ քաղաքացի»:

Այս խորագրի վերջին նյութերը