Քաղաքական

27.04.2012 15:13


«Հույսի գարուն»

«Հույսի գարուն»

Ռուսաստանյան հեղինակավոր «Ռոսիյսկայա գազետա» օրաթերթն իր ապրիլի 26-ի համարում("Российская газета" - Федеральный выпуск №5765 (92)) «Հույսի գարուն» վերնագրով ծավալուն հարցազրույց է հրապարակել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Հարցազրույցի որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: 

Հայաստանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս կարեւորագույն քաղաքական իրադարձության հետ հայ ժողովուրդը մեծ հույսեր է կապում եւ ակնկալում իրական արդյունքներ ոչ միայն տնտեսական իրավիճակի բարելավման, բարեկեցության բարձրացման, այլ նաեւ Ռուսաստանի հետ բազմաբնույթ կապերի ամրապնդման հարցում: Այսուհանդերձ, վերջին շրջանում հայաստանյան եւ ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում ավելի հաճախ են խոսում այն մասին, որ Հայաստանը սկսել է լողալ Արեւմուտքի ուղղությամբ: Մի՞թե դա այդպես է: “Ռոսիյսկայա գազետայի” այս եւ այլ հարցերին պատասխանում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

-Դա այդպես չէ: Այո, Հայաստանը վարում է բազմավեկտորային արտաքին քաղաքականություն: Մեր երկրի խնդիրն է ապրել կայուն եւ խաղաղ տարածաշրջանում, համագործակցել բոլոր շահագրգիռ երկրների հետ, աշխարհում ունենալ հնարավորին չափ շատ բարեկամներ, միաժամանակ, նրանց համար մնալով վստահելի եւ կանխատեսելի գործընկեր: Դրա հետ մեկտեղ, մեր արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունը հանդիսանում է Մեծ Ռուսաստանի հետ ջերմ, բարեկամական հարաբերությունների ամրապնդումը` ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան…

-Ձեր գլխավորած կուսակցությունը` Բարգավաճ Հայաստանը հանդիսանում է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական մրցավազքի առաջատարներից մեկը: Ինչո՞ւ են հայաստանցի ընտրողները հավատում ԲՀԿ-ին:

-2004-ին ես եւ իմ համախոհները ստեղծեցինք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը կարճ ժամանակահատվածում դարձավ բազմամարդ եւ հեղինակավոր կուսակցություն: 2007-ին մենք առաջին անգամ մասնակցեցինք խորհրդարանական ընտրություններին, որտեղ գրավեցինք երկրորդ տեղը: Մենք դարձանք կառավարող կոալիցիայի անդամ եւ ակտիվ աշխատանքներ իրականացրինք մեզ վստահված ոլորտներում: Հայաստանյան էլեկտորատի զգալի հատվածը մեր երկրի ավելի լավ ապագայի հույսը հենց մեզ հետ է կապում: Անցած հինգ տարիների ընթացքում մենք աշխատել ենք քրտնաջան եւ ամբողջ նվիրումով, թափանցիկ ենք եղել մեր գործընկերների համար, հանուն քաղաքացիական համերաշխության եւ ազգային միաբանության ակտիվորեն հանդես ենք եկել բոլոր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական երկխոսություն սկսելու օգտին: Մենք ժողովրդի վստահությանը վերաբերվում ենք մեծագույն հարգանքով: Հայտարարում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ այդ վստահությունը պահպանելու ենք աչքի լույսի պես եւ երբեք հուսախաբ չենք անելու մեզ վստահող մարդկանց: Բացի այդ, մենք հանդես ենք գալիս ազատ եւ արդար, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման օգտին: Վստահ ենք, որ միայն այդպիսի ընտրությունների արդյունքում կարող ենք ձեւավորել այնպիսի խորհրդարան եւ կառավարություն, որոնք ի վիճակի կլինեն պատասխանել Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերներին: Մենք ստեղծել ենք որակյալ եւ “իրականացվող” նախընտրական ծրագիր, որն անցել է ռուսաստանցի եւ եվրոպացի առաջատար մասնագետների փորձաքննությունը: Մենք վստահ ենք, որ այդ փասթաթղթի իրականացումը մեր երկիրը կդնի որակապես նոր մակարդակի վրա եւ կհանգեցնի մեր երկրի բարգավաճմանը:

 -Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո` մայիսի 7-ին Ռուսաստանում տեղի կունենա ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը: Ձեր կարծիքով այս երկու կարեւոր իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման վրա: 

-Ես արդեն շեշտել եմ, որ Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններն այս տարվա ամենակարեւոր քաղաքական իրադարձությունն է մեր երկրի համար: Հայ ժողովուրդն այս ընտրությունների հետ մեծ հույսեր է կապում եւ սպասում, որ տնտեսական իրավիճակը կբարելավվի եւ իր բարեկեցությունն էլ կբարձրանա: Առանց չափազանցության ասում եմ, որ եթե բաց թողնենք այս քաղաքական հնարավորությունը, ապա անուղղելի հարված կհասցնենք մեր համերկրացիների հույսերին եւ ձգտումներին: Մենք լիահույս ենք, որ պատասխանատվության զգացում ունեցող քաղաքական մյուս ուժերի հետ միասին կկարողանանք կանգնել քաղաքական կայունության եւ երկարատեւ զարգացման ճանապարհի վրա: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ Վլադիմիր Պուտինի նախագահության նոր շրջանը հայ-ռուսաստանյան հարաբերություններում կդառնա նոր գործերի եւ նոր ծրագրերի ժամանակաշրջան: Մեր վստահությունը բխում է նրանից, որ Վլադիմիր Պուտինը հրաշալի գիտի Հարավային Կովկասը, այդ թվում եւ Հայաստանը: Մեր ժողովուրդը հիշում է Պուտինի այցերը Հայաստան եւ հայ-ռուսաստանյան համագործակցության արդյունքները:

Այս խորագրի վերջին նյութերը