Լրահոս

27.04.2012 18:28


ԻՏՁՄ ձեռնամուխ է եղել տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացի բարեփոխմանը

ԻՏՁՄ ձեռնամուխ է եղել տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և  գնումների գործընթացի բարեփոխմանը

 Այսօր` ապրիլի 27-ին, տեղի ունեցավ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց շահերի պաշտպանությանն ուղղված Միության նոր ծրագիրը` «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» անվանմամբ: Բանախոսներն էին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը:   

Ծրագրի նպատակն է ապահովել պետական գնումների համակարգով իրականացվող մրցույթների թափանցիկությունը, պարզեցնել և հստակեցնել հայտարարվող մրցույթների պայմանները, «մեկ վայրում» դիտարկել պետության կողմից հայտարարվող մրցույթները, իրազեկել և համախմբել հասարակության ակտիվ և շահագրգիռ շերտերին, ինչպես նաև նպաստել ծրագրի ընթացքում ստացված արդյունքների շարունակականության ապահովմանը:

«Ներկայումս ՀՀ պետական բյուջեի շուրջ 60% ծախսվում է պետության կողմից պետական գնումների համակարգի միջոցով ծառայություններ, աշխատանքներ և ապրանքներ ձեռք բերելու համար: Նշված գործունեությունը համակարգելու համար 2010թ. դեկտեմբերի 22 ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որը սակայն ամբողջությամբ հնարավորություն չի ընձեռում ապահովել գնումների թափանցիկ և արդյունավետ իրականացումը: Միևնույն ժամանակ պետության կողմից գնումներն իրականացվում են մրցույթների միջոցով, որոնք իրենց հերթին ունեն մի շարք թերություններ, դրանցից են հայտարարվող մրցույթների մասին տեղեկատվության անհասանելիությունը, հայտերի ընդունման, գնման առարկայի ձեռքբերման համար ժամկետների ոչ ճիշտ սահմանումը, մրցույթով սահմանված պայմանների չկատարման կամ թերի կատարման համար կողմերի նկատմամբ անհավասար պատասխանատվության միջոցների կիրառումն ու արդյունքների բողոքարկման համակարգի անբավարար ֆունկցիոնալությունը և այլն»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանի կարծիքով խնդիրներ են առաջացնում նաև մրցութային պայմանների սխալ, ավելորդ և ոչ հստակ ձևակերպումների պատճառով, երբ մրցույթ հայտարարողը չի տիրապետում ձեռք բերվող ապրանքի/ծառայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությանը: «Օրինակ՝ պահանջվում են այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք արդիական չեն, ինչի արդյունքում ձեռք բերված ապրանքները, ծառայությունները կամ լուծումները չեն կարող արդյունավետ լինել»,- ասում է Հայկ Չոբանյանը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է.

  • Բարեփոխումներ մրցույթների կազմակերպման և անցկացման թափանցիկ ընթացակարգի վերաբերյալ,
  • Պետության կողմից ՏՀՏ ոլորտին առնչվող հայտարարված մրցույթների մասին տեղեկանալու միասնական և ամբողջական բազա,
  • Պետության կողմից ՏՀՏ ոլորտին առնչվող մրցույթների հայտարարման և իրականացման նկատմամբ մոնիթորինգ իրականացնող աշխատանքային խումբ,
  • Պետական գնումների համակարգը կարգավորող բարեփոխված օրենսդրական դաշտ
  • ՏՀՏ ոլորտին առնչվող մրցույթներ անցկացնելու համար ստեղծել օրինակելի լավագույն Տեխնիկական Առաջադրանքի նախագիծ:

«Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» ծրագրի տևողությունն է 7 ամիս: Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը