Լրահոս

29.04.2012 12:55


Օլանդը պահանջում է քրեական գործ հարուցել Սարկոզիի դեմ

Օլանդը պահանջում է քրեական գործ հարուցել Սարկոզիի դեմ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդի նախընտրական շտաբը պահանջել է քրեական գործ հարուցել Ֆրանսիայի նախագահ, նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզիի դեմ: Պատճառը ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն է, համաձայն որի` Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին ֆինանսավորել է 2007թ. նախագահական ընտրությունների Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավը:

Նման հայտարարություն Օլանդի շտաբն արել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը` ապրիլի 28-ին, ֆրանսիական «Մեդիապարտ» ինտերնետ-պարբերականը հրապարարկել է մի փաստաթուղթ, համաձայն որի Լիբիայի հետախուզության ղեկավար Մուսա Կուսան 2006թ. դեկտեմբերին արտոնում է 50 մլն. Եվրոի փոխանցումը Սարկոզիի արշավի համար:

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, երբ Սարկոզին մեղադրվում է Քադդաֆիից գումար ստանալու համար: Դեռևս 2011թ. մարտին Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամը հայտարարել է, որ Սարկոզին 50 մլն եվրո է ստացել իրենց ընտանիքից, և պահանջել է , որ «այդ ծաղրածուն» վերադարձնի գումարը: 2012թ. մարտին նույն «Մեդիապարտ» պարբերականը տարածել էր այս մեղադրանքները:

Նիկոլա Սարկոզին կտրականապես հերքել է այդ տեղեկությունները` մեղադրանքներն անվանելով «անհեթեթ»: Սակայն Օլանդի շտաբին նման պատասխանը չի բավարարել, և Օլլանդը պահանջել է, որ կա'մ իր խոսքն ասի Ֆրանսիայի արդարադատությունը, կա'մ էլ Սարկոզին ներկայացնի ապացույցներ, որ այդ մեղադրանքները սուտ են:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Ֆրանսիայում տեղի կունենա մայիսի 6-ին: Առաջին փուլում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը առաջ է անցել նախագահ Նիկոլա Սարկոզիից: Հարցումների արդյունքները վկայում են, որ երկրորդ փուլում կհաղթի Ֆրանսուա Օլանդը:

Այս խորագրի վերջին նյութերը