Աշխարհ

30.04.2012 10:03


Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի  նախագահ Մահմուդ Ահմադինեժադը
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Նախարար Նալբանդյանը Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Նախագահ Ահմադինեժադը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին:

Իրանի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով, քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, նավթամթերքների խողովակաշարի և նավթամթերքների պահեստարանի, Իրան-Հայաստան երկաթգծի  կառուցման նախագծերին: Իրանի նախագահն ընդգծեց վերոհիշյալ նախագծերի իրականացման կարևորությունը:

Թեհրանում կայացան նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի բանակցությունները:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շատ ջերմ հիշողություններ է պահպանում Երևան կատարած այցից և ուրախ է իր գործընկերոջն ընդունել Թեհրանում և քննարկել բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղիները:

Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ վերջին չորս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ է այցելում Թեհրան, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երևանում, Թեհրանում և այլ տարբեր միջազգային հարթակներում կայացել է շուրջ երկու տասնյակ հանդիպում Հայաստանի և Իրանի արտգործնախարարների միջև: Երկուստեք նշվեց, որ այդ հանդիպումները հնարավորություն են տալիս հետևելու բարձր ղեկավարության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել ս.թ. ամռանը Երևանում: Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև համագործակցությանը՝ տրանսպորտի, էներգետիկայի, մաքսային, բնապահպանության, կրթական,  առողջապահության, գյուղատնտեսության, մշակութային բնագավառներում, մտքեր փոխանակվեցին իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:

Բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա դարձան  միջազգային օրակարգի հարցեր: Նախարար Սալեհին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ այդ կապակցությամբ վերջին հանդիպմանը դրական միտում է արձանագրվել և հույս հայտնեց, որ այն ոչ միայն կպահպանվի, այլ նաև կամրապնդվի մայիսին Բաղդադում նախատեսված հանդիպմանը:

Հայաստանի արտգործնախարարը իրանցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը՝ ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը:

Զրուցակիցները պայմանավորվեցին հաջորդ հանդիպումը անցկացնել Երևանում:

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս:

Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի նախարար Ալի Աքբար Սալեհին պաշտոնական ճաշ տվեց ԱԳՆ-ում:

Թեհրանում նախարար Նալբանդյանը հյուրընկալվեց նաև Իրանի խորհրդարանում, ուր հանդիպում ունեցավ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը:  

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրներին:

Նախարար Նալբանդյանի թեհրանյան օրակարգում ներառված էր նաև հանդիպում ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին, Հայաստանի և Իրանի ազգային անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցությանը:

ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մանրամասն ներկայացրեց միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները և բանակցություններից իրանական կողմի ակնկալիքները:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային  խնդիրների շուրջ:

Սաիդ Ջալիլիի խնդրանքով  Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի և համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը