Տնտեսական

30.04.2012 12:16


ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 186.8 մլրդ դրամ

ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 186.8 մլրդ դրամ

2012 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 186.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 187 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.4%-ով և 87.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի համեմատաբար ցածր կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: "Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 4.5 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 85.9%-ը, իսկ ծախսերը` 2.2 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 45.1%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 182.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 184.8 մլրդ դրամ` ապահովելով համապատասխանաբար 100.8% և 88% կատարողական: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 20.4%-ով, ծախսերի գծով` 19.5%-ով:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.4%-ով կամ 7.9 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: 
Պետական բյուջեի եկամուտների 94.9%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 4.7%-ը` այլ եկամուտների, 0.4%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 
2012 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 177.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 100.1%-ը: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.4% ով կամ 7.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով: Նշենք, որ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ աճ է արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ այլ հարկերի, մաքսատուրքի և հաստատագրված վճարների:
2012 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են շուրջ 147.3 մլրդ դրամ, որի 47.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է 70.2 մլրդ դրամ և 2.1%-ով կամ 1.5 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 36.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 33.8 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ներքին շրջանառության հաշվին, որից ստացված մուտքերն ավելացել են 17.6%-ով, մինչդեռ ներմուծման գծով մուտքերը նվազել են 9%-ով:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով ավելի քան 10.3 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 5.6 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` շուրջ 4.8 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 19.7%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` 12.1%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 15.5%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.5% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 22.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 9.8%-ով կամ ավելի քան 2 մլրդ դրամով:
2012 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 20.1 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 13.6%-ը և 13.9%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են ավելի քան 6.4 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 4.4%-ը և 6%-ով զիջել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը: 
2012 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 4.9 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին եռամսյակի ծրագրի 104.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 11.2%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 4.7 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.2%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7.7%-ով:
2012 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 6.3 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 4.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.3 անգամ` հիմնականում պայմանավորված "Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին" ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ, որի համաձայն արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար սահմանվել է ռոյալթի, որի գծով հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 3.7 մլրդ դրամ: Նշենք, որ մուտքերի աճը պայմանավորված է նաև օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների ավելացմամբ: 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1.4 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1%-ը: Մասնավորապես` 317.6 դրամ է կազմել «Կոնցեսիայի մասինե ՀՀ օրենքով սահմանված կոնցեսիոն վճարը, 316.9 մլն դրամ` ճանապարհային վճարները, շուրջ 210 մլն դրամ է կազմել «Կոնցեսիայի մասինե ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 184.7 մլն դրամ` արտոնագրային վճարները, 117 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար "Հարկերի մասին" ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 101.1 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 5.1 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները և 166.2 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշը նվազել է 70.1% ով կամ 3.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ռոյալթիի և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարների նվազմամբ:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-մարտ ամիսների եկամուտները կազմել են ավելի քան 30.0 մլրդ դրամ` 0.5%-ով կամ 140.2 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: 
2012 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում մուտքագրվել են ավելի քան 813.7 մլն դրամի դրամաշնորհներ` կազմելով եռամսյակի ծրագրով նախատեսվածի 75.7%-ը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 8.7 մլրդ դրամ` 11.6%-ով գերազանցելով առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից 3.6 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները կամ նախատեսվածի 89.2%-ը: Այլ եկամուտների ծրագրի գերազանցումն ապահովվել է հիմնականում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների մուտքերի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի հաշվին, որոնք գերազանցել են եռամսյակային ծրագրային ցուցանիշները համապատասխանաբար 204.7, 112.9 և 69.2 տոկոսով: Ծրագրի բարձր կատարողական է ապահովվել նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից մուտքերի գծով, որոնք նախատեսված 1.5 մլն դրամի դիմաց կազմել են 67 մլն դրամ: Ավելի քան 8.5 մլն դրամ է մուտքագրվել իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինների գծով` կազմելով նախատեսվածի 85.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 78.2% ով կամ 30.6 մլն դրամով: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 2.5%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2012 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.1% ով կամ 5.6 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի` հիմնականում ծառայությունների և ապրանքների ձեռքբերման, դրամաշնորհների, նպաստների և կենսաթոշակների գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է 53.2%-ով անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 180.2 մլրդ դրամ` 89.3%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8%-ով կամ 13.3 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 15.4 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է առաջին եռամսյակում ծրագրվածի 92.6%-ը և 1.3%-ով զիջել նախորդ տարվա հունվար-մարտի ցուցանիշը: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 38 մլրդ դրամ, որը կազմել է եռամսյակային ծրագրի 87.9%-ը և 28.3% ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 8.1 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 89.3%-ը: Մասնավորապես` նշված գումարից շուրջ 6.3 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 1.8 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 8%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 5.4 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 97.9%-ը և 38%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
20.9 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 20.5 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 377.2 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 8.1 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չեն փոփոխվել: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 92.1% ով, իսկ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են 13.6% ով:
Ընթացիկ ծախսերի 37.2%-ը` 67 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով առաջին եռամսյակի ծրագրի 91% կատարողական: Մասնավորապես` նշված գումարից 48.5 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 18 մլրդ դրամ` նպաստները, որից 422.7 մլն դրամը տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, այդ թվում` 384.6 մլն դրամ է օգտագործվել բժշկական ապահովագրության նպատակով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 7%-ով կամ 4.4 մլրդ դրամով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 24.5 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով եռամսյակային ծրագրի 81.7% ը և 13.5%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: 
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները հունվար-մարտ ամիսներին կազմել են 6.8 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 61% ը: Մասնավորապես` 6.9 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց եռամսյակային ծրագիրը կատարվել է 59.8%-ով: 132.1 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` կազմելով եռամսյակային ծրագրի 30% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 53.2%-ով` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2012 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 175.4 մլն դրամ պակասուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 26.8 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Շեղումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներից 18.4 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն դրանք ավելացել են 9.0 մլրդ դրամով: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -5.6 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 5.8 մլրդ դրամ:
Ներքին աղբյուրներում 2.0 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, -7.6 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: Մասնավորապես` 2.01 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերի զուտ մուտքերը: Մուրհակների մարման նպատակով առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 96.4%-ով` կազմելով 11.4 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 392.4 մլն դրամի վարկեր: Շուրջ 1.9 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի արտաքին ֆինանսավորումը կազմել է շուրջ 5.8 մլրդ դրամ, որից 17.0 մլրդ դրամը` փոխառու միջոցների, -11.2 մլրդ դրամը` ֆինանսական ակտիվների գծով: Եվրահանձնաժողովի կողմից Մակրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել են 20.1 մլրդ դրամի վարկային միջոցներ: 3.2 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 2.0 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 126.3 մլն դրամ` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 436.1 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 622.7 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 24.9 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը: 
Շուրջ 9.9 մլրդ դրամ տրամադրվել է ԼՂՀ-ին, որպես միջպետական վարկ` ապահովելով ծրագրի 100% կատարողական և 3.1%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով առաջին եռամսյակում նախատեսված գումարն ամբողջությամբ վճարվել է` կազմելով 79.9 մլն դրամ: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 664.6 մլն դրամ` կազմելով եռամսյակային ծրագրի 98.8%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 736.1 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը