Լրահոս

01.05.2012 10:25


ՀՀ ոստիկանության հայտարարությունը Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

ՀՀ ոստիկանության հայտարարությունը  Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

 2012 թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում մի խումբ անձինք, մետաղյա արգելափակոցները տապալելով և ոստիկանների պահանջներին չենթարկվելով, ձեռնարկել են ժամանակավոր տեղեդրված տաղավարներն ապօրինի ապամոնտաժելու հերթական փորձը, որը կարճ ժամանակում կանխվել է ոստիկանության կողմից:

Օգտվելով ստեղծված իրավիճակից` նույն պուրակում բողոքի ցույց իրականացնող անձանց մեկ այլ խումբ պուրակի տարածքում կամայական տեղադրել է վրան: Անտեսելով վրանը հանելու վերաբերյալ ոստիկանների պահանջները, նշված անձինք դիմադրել են վրանը հանելու փորձ կատարող ոստիկաններին, որն էլ վերաճել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու:

      Ապօրինի գործողությունները կասեցնելու և պուրակի տարածքից վրանի դուրսբերումն ապահովելու նպատակով՝ ոստիկանության աշխատակիցներն առանց հատուկ հնարքների կամ միջոցների գործադրման, հավաքի անցկացման վայրից հարկադրաբար դուրս են բերել դիմադրություն ցույց տվող անձանց և հանել տեղադրված վրանը: Սակայն քիչ անց, դարձյալ չենթարկվելով վրան չտեղադրելու վերաբերյալ ոստիկանների հորդորներին, հավաքի որոշ մասնակիցներ նոր վրան են տեղադրել, որը ոստիկանության աշխատակիցների կողմից ևս դուրս է հանվել պուրակի տարածքից: Ավելի ուշ վերոնշյալ միջադեպի առանձին մասնակիցներ բերման են ենթարկել ոստիկանություն:

Բերման ենթարկված բոլոր անձանց իրական հնարավորություն է ընձեռնվել արդյունավետորեն օգտվել իրավաբանական և բժշկական օգնություն ստանալու իրավունքներից, իսկ անհրաժեշտ ընթացակարգային գործողություններ կատարելուց անմիջապես հետո նրանք ազատ են արձակվել:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել հետևյալը.

1/ Դեռևս սույն թվականի մարտի 13-ին Մաշտոցի պուրակում տեղադրված վրանը հանելուց հետո ոստիկանությունը հանրային հայտարարություններ անելու և կլոր սեղաններ անցկացնելու միջոցով բազմիցս տեղեկացրել էր, որ առանց հատուկ թույլտվության հասարակական վայրերում վրաններ կամ այլ առարկաներ տեղադրելն իրավաչափ չէ և օբյկետիվորեն դուրս է խաղաղ հավաքների անցկացման իրավունքի բովանդակությունից: Ուստի, ապրիլի 29-ի հավաքի կազմակերպիչները և մասնակիցները քաջատեղյակ են եղել կամ առնվազն պետք է ողջամտորեն ակնկալեին, որ նման գործողությունները հանգեցնելու է համարժեք հակազդեցության (հետևանքի), որպիսի պայմաններում վրանի տեղադրման փաստն ինքնին ոստիկանությունը գնահատում է որպես միջանձնային բախումներ հրահրելու նպատակ հետապնդող հերթական սադրանք:

Ոստիկանությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ իր որդեգրած միասնական գործելակերպին համահունչ, չենթարկվելով որևէ սադրանքի, բացառապես իրավաչափ և համարժեք միջոցներով կանխելու, կասեցնելու կամ խափանելու է յուրաքանչյուր իրավախախտում, որն ուղղված կլինի բնապահպանական խնդիրներին առնչվող կամ չառնչվող ցանկացած իրադարձության ընթացքում չարդարացված լարվածություն ստեղծելուն:

2/ Ոստիկանության Կենտրոնականի բաժին ապրիլի 29-ին բերման են ենթարկվել միջադեպի ընթացքում ընդգծված հակաիրավական վարքագիծ դրսևորած առավել ակտիվ յոթ անձինք, որպիսի հանգամանքն ինքնին չի հաստատում հավաքի այլ մասնակիցների գործողությունների իրավաչափ լինելը

 

Ոստիկանությունը, լիովին վերահսկելով իրադրությունը, համաչափության և լարվածության թուլացման սկզբունքներին համապատասխան, ձեռնարկել է բացառապես իրավիճակից թելադրվող պիտանի, անհրաժեշտ և չափավոր միջոցներ, որոնք տակտիկական նկատառումներով նախ և առաջ ուղղված են եղել առճակատման և բռնության կիրառման վտանգների նվազեցմանը:

Նման գործելակերպն առաջնահերթ կլինի ոստիկանության համար այնքան ժամանակ, քանի դեռ հավաքի կազմակերպիչների և մասնակիցների հակաօրինական գործողությունները չեն հանգեցնի հավաքի կարգավիճակի օբյեկտիվ փոփոխությանը:

3/ Ոստիկանությունն ափսոսանքն է հայտնում, որ առանձին քաղաքական ուժեր, փորձելով ներթափանցել պետական իրավասու մարմինների մասնագիտական գործունեության ոլորտ, իրենց իրավունք են վերապահել բացասական որակումներ տալ Մաշտոցի պուրակում ծառայություն իրականացնող ոստիկանների գործողություններին: Ոստիկանությունը հույս է հայտնում, որ այդ ուժերը կամ անձինք նման քայլով նպատակ չեն հետապնդում խրախուսել կամ քաջալերել ինքնիրավ գործողություններ ձեռնարկելու և իշխանության ներկայացուցիչներին ոչ իրավաչափ ֆիզիկական դիմադրություն ցույց տալու գործելակերպը, ուստի այսուհետ ողջամտորեն ձեռնպահ կմնան ոչ միանշանակ ընկալվող հայտարարություններ անելուց:

   ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը