Լրահոս

01.05.2012 12:17


ԱՄՆ-ը պահանջում է Իրանից դադարեցնել ուրանի հարստացումը

ԱՄՆ-ը պահանջում է Իրանից դադարեցնել ուրանի հարստացումը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստ է թույլ տալ Իրանին ուրան հարստացնել մինչև 5 տոկոս համապատասխան զիջումների դեպքում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղից է հայտնվել տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ը թույլ կտա Իրանին ուրան հարստացնել:

«Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ` մենք ցանկանում ենք, որ Իրանը կատարի իր միջազգային պարտավորությունները, ինչպես նաև դադարեցնի ուրանի հարստացումը, ինչը պահանջում են ՄԱԿ-ի որոշումները»,-հայտարարել է Նուլանդն ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան և արտասահմանյան ԶԼՄ–ում տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ իշխանությունը փոխզիջումային տարբերակներ է փնտրում Իրանի միջուկային ծրագրի խնդիրը լուծելու համար։ Առաջին անգամ այդ տեղեկությունը տարածել էր «Los Angeles Times» թերթը: Պարբերականը, հղում անելով նախագահի վարչակազմում իր աղբյուրներին, նշել էր, որ եթե Իրանը թույլ տա միջազգային դիտորդներին մշտական հսկողություն իրականացնել միջուկային օբյեկտներում, ԱՄՆ–ը թույլ կտա Իրանին ուրան հարստացնել մինչև 5 տոկոս:

Այս խորագրի վերջին նյութերը