Լրահոս

01.05.2012 13:19


Թուրքիան կզրկի բանակին «առանձնահատուկ դերից»

Թուրքիան կզրկի բանակին «առանձնահատուկ դերից»

Թուրքիայի խորհրդարանը հատուկ միջկուսակցական հանձնաժողով է կազմավորել, որը կզբաղվի նոր սահմանադրության մշակմամբ: Նախաձեռնության հեղինակների մտահղացմամբ՝ նոր սահմանադրությունը կլինի ժողովրդավարական, դրանում տեղ չի լինի բանակի «առանձնահատուկ դերի» համար, փոխարենը կհանվեն քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, և առանձին կնշվեն ազգային փոքրամասնությունների, մասնավորապես քրդերի իրավունքները:

Ակնկալվում է, որ նոր սահմանադրությունը պատրաստ կլինի այս տարվա վերջին: Սահմանադրության մշակման մասնակիցները հայտարարում են, որ աշխատանքները շատ հարթ են ընթանում. թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ ընդդիմադիր կուսակցությունները փոխզիջումների պատրաստակամություն են ցուցաբերում:

Բացի այդ, սահմանադրության մշակման աշխատանքներին ներգրավվել են նաև տեղի իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք խորհրդատվություն են տրամադրում պատգամավորներին:

Այնուամենայնիվ, հանձնաժողովի աշխատանքներում հնարավոր են խնդիրներ՝ կապված երկու վիճահարույց հարցերի հետ` քրդերի իրավունքները և նախագահի ապագա դերը: Այս խնդիրները դեռ չեն քննարկվել: Այժ Թուրքիան խորհրդարանական հանրապետություն է, սակայն իշխանությունները ձգտում են այն նախագահական դարձնել: Ընդդիմության կարծիքով դա արվում է հատուկ ներկայիս վարչապետ Ռեջեփ Թ. Էրդողանի համար, ով չի թաքցնում իր մտադրությունը` առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին:

Թուրքիայում ներկայումս գործում է 1982-ին զինվորականների ճնշման տակ ընդունված սահմանադրությունը: Այն հռչակում է բանակի հատուկ դերը հասարակության համար. բանակն անվանվում է աշխարհիկ պետության պաշտպան: Թուրք զինվորականները բազմիցս օգտագործել են իրենց «առանձնահատուկ դերը» և իշխանությունից հեռացրել կառավարություններ, որոնք փորձում էին երկիրը տանել դեպի իսլամացում:

Այս խորագրի վերջին նյութերը