Լրահոս

02.05.2012 08:49


Քաղաքացիական նախաձեռնություններ. «Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի անդրադարձել ժողովրդի գերակա շահերի պաշտպանությանը»

Քաղաքացիական նախաձեռնություններ. «Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի անդրադարձել  ժողովրդի գերակա շահերի պաշտպանությանը»

Կապված նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ այցելության և նրա կողմից Երևանի քաղաքապետին տրված ապամոնտաժման մասին ցուցումների հետ` Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիները հայտարարում են.

-         Մաշտոցի պուրակում ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության,

-         արդեն շուրջ 80 օր է, ինչ Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետը բացահայտ անգործություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակի ապօրինաբար կառուցապատվող հանրային տարածքը երևանցիներին և ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու գործում,

-         Երևանի քաղաքապետը պարտավոր է ենթարկվել երևանցիների կամքին և ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին և դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց և նրա զբաղեցրած պաշտոնից. նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և ժողովրդի գերակա շահով:

-         Ոստիկանության գործողությունների նկատմամբ գնահատականները պետք է բխեն ՀՀ Սահմանադրությունից, հանրային սեփականության պաշտպանությունից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունից: Պետք է դատապարտել ոստիկանության բռնության և ոչ իրավաչափ գործողության որևէ դրսևորում, այլ ոչ թե շնորհակալություն հայտնել և համարել դա ձեռքբերում:

-         Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի անդրադարձելՀՀ քաղաքացիների իրավունքներին և ժողովրդի գերակա շահերի պաշտպանությանը, որոնք ըստ ՀՀ Սահմանադրության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմքն են և պետական պաշտոնյաների (նախագահ, քաղաքապետ և այլն) լեգիտիմության աղբյուրը:

Ելնելով այս ամենից` պահանջում ենք.

Երևանի քաղաքապետարանից`

  •  անհպաղ պաշտոնապես չեղյալ համարել Մաշտոցի պուրակում ապօրինի կառուցապատման մասին որոշումներն ու վերադարձնել պուրակը հանրությանը` ապամոնտաժելով բոլոր ապօրինի կառույցները,
  • կատարել բարեկարգում` հաշվի առնելով լայն հանրության կարծիքը և իրական մասնակցությունը  որոշումների կայացմանը:

ՀՀ պատկան մարմիններից` գտնել և պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշումների բոլոր պատասխանատուներին, վերականգնել համայնքին հասցված նյութական վնասը և պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը ոտնահարած պաշտոնյաներին և այդ ապօրինությունների արդյունքում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:

 

Մենք շարունակելու ենք մեր քաղաքացիական եւ օրինական պայքարը՝ հանուն մեր սահմանադրական իրավունքների նվաճման եւ կենսագործման, մեր հանրային սեփականության, ազգային հարստության եւ ժողովրդի գերակա շահերի պաշտպանության:

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն

Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն

Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիներ

Այս խորագրի վերջին նյութերը