Քաղաքական

02.05.2012 10:25


Գագիկ Ծառուկյան. «Չպետք է լինեն քաղաքական ու տնտեսական մենաշնորհներ»

Գագիկ Ծառուկյան. «Չպետք է լինեն քաղաքական ու տնտեսական մենաշնորհներ»

«Առավոտ» թերթը զրուցել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որից մեկ հատված ենք ներկայացնում.

-Շատ են խոսում ԲՀԿ-ՀԱԿ-Դաշնակցություն հնարավոր ձևավորվելիք դաշինքի մասին: Ի՞նչ եք կարծում` նման դաշինք հնարավոր է:

-Ես զարմանում եմ մեր շատ հարգարժան մի շարք քաղաքագետների և լրագրողների վրա, որոնք հետևողականորեն արծարծում են այս խնդիրը` կապված միասնական շտաբի աշխատանքների ձևավորման շուրջ: 20 տարի Հայաստանում խոսում են ազատ, արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Եվ կարծես թե մեր հասարակության մեծ մասը դժգոհ է այսօրվա իրավիճակից: Մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում նաև ԲՀԿ-ն, միասին ստեղծել են միասնական շտաբ` գալիք ընտրությունների պատշաճ վերահսկման համար: Ի՞նչ վատ բան կա այստեղ: Նույն այդ քաղաքագետներն ու լրագրողները, խմբագիրները, ովքեր 20 տարի խոսում են ագատ ընտրությունների անցկացման մասին, նույն այդ մարդիկ այսօր զարմացած են, որ տարբեր քաղաքական ուժեր կարող են համագործակցել այս լրջագույն խնդրի շուրջ: Եվ փոխանակ սույն փաստը դրական արձագանքի արժանանա, որոշները ինչ-ինչ հակասություններ են փորձում գտնել տարբեր քաղաքական ուժերի միջև: Եվ այստեղ ակամա հարց է առաջանում` իսկ արդյոք ոմանք իրապե՞ս անկեղծ են ազատ, արդար ընտրության պահանջի իրենց հայտարարություններում: Կարծում եմ, որ հենց այս խնդիրն է, որ առաջին հերթին պետք է հուզի մեր հասարակությանը, մեր ողջ ժողովրդին: Եվ կարծում եմ` ավելորդ չէ նշել, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու գաղափարը այսօր միավորում է երկրի բոլոր առողջ ուժերին` անկախ նրանց գաղափարական և քաղաքական ուղղվածություններից: Քանզի դա մեր ժողովրդի պահանջն է, և դա է այսօր պահանջում նաև մեր երկրի պետական շահը:

-Հենց առաջին հանդիպման ժամանակ Դուբ հայտարարեցիք, որ պատրաստ եք կորցնել շատ բան` բացի ժողովրդի վստահությունից: Դուբ այսօր և՞ս պնդում եք Ձեր այդ ձևակերպումը:

-Դա այն ձևակերպումն է, որն առանց լրջորեն կշռադատելու չես անի: Սա հուզական ձևակերպում չէ: Այո, ես պատրաստ եմ շատ կորուստներ կրել, բայց ես չեմ կորցնելու այն ահռելի վստահության ռեսուրսը, որ կա իմ ու իմ թիմակիցների հանդեպ: Երբ հարյուր հազարավոր մարդիկ քո խոսքին, քո գործին են սպասում ու քեզ հավատում են, իրենց փրկության հույսը քո ու քո թիմի մեջ են տեսնում` դրանից ավելի թանկ ու կարևոր ի՞նչ կա: Հավատացնում եմ ձեզ` ոչինչ:

-Քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցում են, ի վերջո, իշխանության հասնելու համար: Դուք պարբերաբար հայտարարում եք, որ անձամբ Ձեզ ոչինչ պետք չէ:

-Այսօր էլ հայտարարում եմ նույնը: Անձամբ ինձ ոչինչ պետք չէ: Ես չեմ ուզում պաշտոն, աթոռ, արտոնություններ և այլն: Ավելին` ես չեմ հայտարարում, որ ԲՀԿ-ն միայնակ պետք է իշխանություն կազմի: ԲՀԿ-ն պատրաստ է վերցնել ցանկացած բեռ և պատասխանատվություն: Միևնույն ժամանակ ես հայտարարել եմ, որ ոչ մի ուժ միայնակ չի կարող երկիրը դուրս բերել այս վիճակից: Դրա համար մենք առաջ ենբ քաշել լայն համախմբման, իրական կոնսոլիդացիայի գաղափարը:

-Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն առաջին տեղում է: Մի կողմից, դա գոհունակություն է առաջացնում, մյուս կողմից լրացուցիչ ճնշումներ են: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս վիճակը:

-Բարձր վարկանիշը նվեր չէ: Բարձր վարկանիշը մի կողմից տեւական աշխատանքի արդյունք է, իսկ մյուս կողմից` մեծ պատասխանատվություն:  Միաժամանակ մենք նաև հասկանում ենք, որ ինչպիսին էլ լինի ԲՀԿ-ի վարկանիշը, նորից եմ ուզում կրկնել, առանց լայն կոնսոլիդացիայի երկրում որևէ լուրջ խնդիր հնարավոր չի լինի լուծել: 

-Ինչպիսի՞ պետության  կառուցման է  փորձելու  ձգտել ԲՀԿ-ն:

-Պետություն, որտեղ չեն լինի քաղաքական և տնտեսական մենաշնորհներ: Բոլոր ոլորտներում կլինեն մրցակցային պայմաններ: Նորմալ բիզնես միջավայր, որտեղ փոքր բիզնեսը իր աշխատասիրության և ունակությունների շնորհիվ կկարողանա ամրանալ ու ծավալվել: Մենք պետք  է ունենանք այն նոր Հայաստանը, որտեղ աշխատող մարդը աղքատ չի լինի,  որտեղ աշխատող մարդուն չեն խանգարի: Մենք ապրում ենք շատ ծանր տարածաշրջանում ու պարտավոր ենք ունենալ պետություն, որտեղից մարդիկ չեն ձգտի հեռանալ, իսկ հեռացածները կամաց-կամաց  կվերադառնան:

 

Այս խորագրի վերջին նյութերը