Աշխարհ

22.05.2009 17:48


Վլադիմիր Կազիմիրով. «Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը բացառվում է»

Վլադիմիր Կազիմիրով. «Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը բացառվում է»

-1993թ. կեսից մինչև 1994թ. մայիս ամիսը ընդհանուր առմամբ վեց անգամ կարճատև հրադադար էր ձեռք բերվել, ընդ որում, այդ մասին պայմանավորվել են Բաքուն և Ստեփանակերտը՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Դրանք երկկողմանի փաստաթղթեր են եղել, առանց Երևանի մասնակցության,-այդ մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ, ռուսական միջնորդական առաքելության ղեկավար, 1992թ. ապրիլից 1996թ. սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի մասնակից Վլադիմիր Կազիմիրովը:

Նրա խոսքերով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում երկարատև զինադադարի համաձայնություն հնարավոր եղավ ձեռք բերել Ռուսաստանի աջակցությամբ, որն ի սկզբանե գերակա էր համարում զանգվածային արյունահեղության շտապ դադարեցումը:

Դիվանագետը բացառում է հիմնախնդրի ռազմական լուծումը: Նրա կարծիքով միջազգային հանրության արձագանքը ռազմական գործողությունների վերսկսմանը բացասական է լինելու:

-Հազիվ թե ռազմական գործողությունները լուծեն խնդիրը. անխոհեմության գալարի նոր պտույտը կանցնի և կողմերը վաղ թե ուշ կրկին ստիպված կլինեն նստել բանակցային սեղանի շուրջ, իսկ կորուստները բավականին մեծ կլինեն: Կողմերի ուժերի մոտավոր հավասարությունը արդեն խոսում է այն մասին, որ այստեղ բլից-կրիգ (կայծակնային պատերազմ) չի լինելու, ինչպես եղավ Սերբական Կրաինայում,- նշել է դիվանագետը՝ ավելացնելով, որ հազիվ թե միջազգային արենայում գտնվեն խոշոր ուժեր, որոնք կնպաստեն ռազմական գործողություններին:

Վլադիմիր Կազիմիրովի կարծիքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը շատ այլ հակամարտություններից ամենասուրն է:

-Այն մեծ նախապատմություն ունի և հիմնովին ծանրաբեռնված է դրանով: Այսինքն, տվյալ դեպքում խնդիրը անհամեմատ ավելի բարդ է, քան վերացումը այս հակամարտության մեջ փոխադարձ հավակնությունների: Խոսքը ոչ միայն հակամարտությունը մարելու մասին է, այլ անհրաժեշտ է ինչ որ ձևով վերջ դնել դարավոր թշնամանքին և հայերի ու ադրբեջանցիների միջև բախումներին, ելք գտնել նրանց պատմական հաշտեցման համար:

Դիվանագետը կարծում է, որ վերջին տասնամյակներում տարածաշրջանի նշանակությունը ակնհայտորեն մեծացել է:

-Տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի և միաժամանակ չափազանց պայթյունավտանգ է: Տարածաշրջանի այս բնութագրերը ստիպում են ծայրաստիճան զգույշ գործել,- ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը:

Այս խորագրի վերջին նյութերը