Լրահոս

02.05.2012 16:10


Բաց նամակ. «Թո՛ւյլ մի տվեք, որ մեր զինվորներին կերակրեն էժանագին հնդկական սառեցված գոմեշի մսով»

Բաց նամակ. «Թո՛ւյլ մի տվեք, որ մեր զինվորներին կերակրեն էժանագին հնդկական սառեցված գոմեշի մսով»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

 

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

 ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին

Բաց նամակ

 Մեր նախաձեռնությունը ունի հստակ տվյալներ այն մասին, որ 2011-ի  հունիսի կամ 17-ից 22-ի, կամ 24-ից 28-ի հատվածում Ղարաբաղի Մարտունի-2 զորամասում ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանի հանձնաժողովը բացահայտել է, որ զինվորներին կերակրում են հնդկական սառեցված էժանագին գոմեշի մսով, տեղական թարմ մսի փոխարեն, որի համար բյուջեյից գումարներ են հատկացվում: Այդ ապօրինության մասին Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին չի զեկուցել: 

Ընթացիկ տարվա ապրիլի 16-ին և  25-ին մեր նախաձեռնությունը հրապարակեց 2 բաց նամակ ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Կրկին շարադրենք այն տեղեկությունները, որոնց մենք տիրապետում ենք և որոնք ճշտելը շատ հեշտ է:

1.Գեղամ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի գործուղումը տեղի է ունեցել կամ 2011-ի հունիսի, կամ 17-ից 22-ի, կամ 24-ից 28-ի հատվածում, ինչի ապացույցը գործուղման թերթիկներն են: Ստուգումները կատարվել են «Պատմության ու մշակույթի էջեր»  ծրագրի ավարտից հետո, երբ որ գիտնականները վերադարձել են Երևան, իսկ Գեղամ Հարությունյանը մնացել է Ղարաբաղում: Ստուգումները համընկել են Կապանում հրամանատարական հավաքների հետ: Ստուգումները եղել են Ղարաբաղի տարբեր, այդ թվում նաև Մարտունի-2 զորամասում: Ստուգումներից հետո Գեղամ Հարությունյանը մասնակցել է Կապանում ՊՆ կոլեգիայի նիստին:

2.Գեղամ Հարությունյանի ստուգող հանձնաժողովը ֆիքսել է, որ զինվորները ճաշարանում հրաժարվել են այդ մսից պատրաստված սնունդից: Որից հետո պարզել, որ այդ միսը ոչ միայն թարմ չէ, այլ նաև տեղական չէ, որ հնդկական սառեցված գոմեշի միս է:

3.Հանձնաժողովին Մարտունի-2 զորամասում ուղեկցել են Հադրութի դիվիզիայի հրամանատարի տեղակալն ու գնդի հրամանատարի տեակալներից մեկը:

4.Գեղամ Հարությունյանը 2011-ի հուլիսին գործուղման վերաբերյալ Սեյրան Օհանյանին ներկայացրել է զեկուցագիր, բայց այդ զեկուցագրի մեջ չի նշել բացահայտված ապօրինության մասին:

Հարգելի պետական այրեր: Թույլ մի տվեք, որ մեր զինվորներին կերակրեն էժանագին հնդկական սառեցված գոմեշի մսից պատրաստած սնունդով: Տեղի ունեցածի հանրային վտանգավորությունը պայմանավորված է երկու հանգամանքով. 

1.Ապօրինություն՝ կապված հարյուրավոր զինվորների սննդի հետ, այն դեպքում երբ բյուջեյով հատկացվում են միջոցներ տեղական թարմ միս մթերելու համար:

2.Բացահայտված ապօրինության մասին չզեկուցելը: Չզեկուցելն է ամեն տեսակ արատավոր երևույթների պատճառներից մեկը: Առավել ևս անընդունելի է, երբ ապօրինության մասին չի զեկուցում մարդը, ով ի պաշտոնե պետք է հասարակական վերահսկողություն իրականացնի բանակում:

Մենք պահանջում ենք պաշտպանության նախարարից անհապաղ ծառայողական քննություն սկսել այս ապօրինության վերաբերյալ ու պարզել ա. Էժանագին հնդկական գոմեշի սառեցված միսը մթերելու հանգամանքները, բ. բացահայտված ապօրինության մասին Սեյրան Օհանյանին Գեղամ Հարությունյանի չզեկուցելու հանգամանքները ու հանդես բերել վերաբերմունք:

«Ո՛չ բանակում անարդարություններին» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը