Լրահոս

02.05.2012 16:34


Արդարադատության նախարարությունը հերքում է

Արդարադատության նախարարությունը հերքում է

Այսօր «Ռեգնում» գործակալությունը գրել էր՝ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին պաշտոնանկ անելու մասին ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանման մեջ ասված է, որ կրթության և գիտության նախարարն իր լիազորությունների շրջանակից դուրս է եկել։

Ավելի ուշ այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը, որում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իր տարակուսանքն է հայտնում առանձին լրատվամիջոցներով տարածված ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի հարցով նախարարության, այսպես կոչված, «մեկնաբանության» առթիվ:

Արդարադատության նախարարությունն անհրաժեշտ է համարում հայտարարել, որ այդ «մեկնաբանությունն»  ապատեղեկատվություն է, քանի որ ո՛չ որպես դրանց աղբյուր հիշատակվող նախարարության լրատվական ծառայությունը, ո՛չ նախարարության որևէ այլ ստորաբաժանում չէր կարող նման տեղեկատվություն տրամադրել այն պարզ պատճառով, որ նախարարությունը ՀՀ կառավարությանը վերջինիս հարցմամբ ուղղված գրության մեջ եզրակացություն է ներկայացրել Ս. Զոլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավաչափության հարցի վերաբերյալ, որը լիովին հակադրվում է այն «փաստարկներին», որոնք իբրև թե նախարարության անունից վկայակոչվում են այդ «մեկնաբանություններում» (գրության տեքստը կցվում է):

Նախարարության եզրակացության մեջ մասնավորապես նշվում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և համալսարանի՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպության միջև առկա են ենթակայության հարաբերություններ՝ համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի: Բացի այդ, համաձայն այդ դրույթի՝ Կրթության և գիտության նախարարությունը հանդես է գալիս որպես իր ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ի, տվյալ դեպքում՝ ԵՊԼՀ-ի կառավարումն իրականացնող ՀՀ կառավարության լիազորած կառավարման մարմին:

ՀՀ կառավարության՝ ի դեմս գիտության և կրթության նախարարի (գործատու), և Ս. Զոլյանի (աշխատող) միջև 2008թ. մարտի 17-ին կնքվել է թիվ 134 աշխատանքային պայմանագիրը, որով կողմերի միջև ծագել են աշխատանքային իրավահարաբերություններ: Աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, որն ուղղակիորեն նախատեսում է գործատուի իրավունքը` աշխատողի նկատմամբ կիրառելու կարգապահական պատասխանատվության միջոցներ։ Աշխատանքային օրենսգրքին հղում է կատարվում նաև հիշյալ աշխատանքային պայմանագրում (կետ 2.7): Դրանով միանշանակ փաստվում է ոչ թե վարչաիրավական, այլ «սովորական» աշխատանքային իրավահարաբերությունների առկայության փաստը, հետևաբար, ռեկտորի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցների, ինչպես նաև այդ հիմքով նրան աշխատանքից ազատելու իրավաչափության հարցն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին, այլ ոչ թե վարչական դատարանին, որը քննում է հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Ս. Զոլյանը՝ որպես աշխատանքային օրենսդրության իմաստով աշխատող, չէր կարող լինել հանրային ծառայող (տես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը): Այս հիմքով նրա և նախարարի միջև վեճը չէր կարող լուծվել վարչական վարույթի շրջանակներում, քանի որ նախարարի հրամանները ոչ թե վարչական ակտեր են, այլ անհատական ակտեր, որոնք ընդունվել են բացառապես աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմանագրի և ՊՈԱԿ-երի մասին օրենքի շրջանակներում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը