Լրահոս

02.05.2012 16:38


Գերմանիայում արգելել են Windows7–ը և Xbox–ը

Գերմանիայում արգելել են Windows7–ը և Xbox–ը

Մանգեյմի դատարանը վճռել է Գերմանիայի շուկայից հանել Microsoft–ի մի քանի արտադրանք, այդ թվում՝ Xbox խաղային կոնսոլը և Windows7 օպերացիոն ծրագիրը։ Դատավոր Հոլգեր Կիրխերի կարծիքով Microsoft–ի այդ արտադրանքները խախտում են Motorola Mobility ընկերության մի շարք արտոնագրեր՝ տեսաֆայլերի կոդավորման և անլար ինտերնետ կապի։

Microsoft–ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ դատարանի այդ որոշումը չի ազդի Գերմանիայում ընկերության արտադրանքի սպառման ծավալների վրա. ԱՄՆ դատարանը, որը քննում է նմանատիպ հայցը, դեռևս ապրիլին արգելել է Motorola–ին պահանջել դատարանի վճռի կատարումը, մինչև ամերիկյան դատարանն իր վճիռը չկայացնի։ Microsoft–ի հայտարարության մեջ նաև ասվում է, որ ընկերությունը կբողոքարկի Գերմանիայի դատարանի վճիռը։

Ավելի վաղ Motorola Mobility ընկերությունը պարտավորվել էր «խելամիտ և ոչ խտրական պայմաններով» լիցենզավորել իր երկու վիճարկելի արտոնագրերը, սակայն հետո արտոնագրերի օգտագործման համար Microsoft–ից պահանջել է տարեկան 4 մլրդ դոլար, որը Microsoft–ը հրաժարվել է վճարել և դիմել է դատարան։

Այս խորագրի վերջին նյութերը