Լրահոս

02.05.2012 17:30


Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Կիպրոսում

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Կիպրոսում
Հայոց ցեղասպանության կիպրոսյան հանձնախմբի նախաձեռնությամբ ապրիլի 18-ից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Ապրիլի 23-ին Նիկոսիայի կենտրոնական փողոցներից մեկում տեղի ունեցավ երիտասարդության քայլարշավ: Մեծ Եղեռնի նահատակների հուշահամալիրի առջև տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն կաթողիկոսական թեմի փոխանորդ Գերաշնորհ Տեր Վարուժան արք. Հերեկելյանի գլխավորությամբ:

Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ պրն. Վարդգես Մահտեսյանն իր պատգամի մեջ շեշտեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքները դեռևս չեն վերացել և հանցագործությունը մնացել է անպատիժ:  

Խոսքով հանդես եկավ Կիպրոսի խորհրդարանի նախագահ պրն. Եաննակիս Օմիրուն, ով հայտնեց, որ ցավով, միաժամանակ հարգանքով ու խոր զգացումներով է մասնակցում Հայոց ցեղասպանության 97-րդ ամյակի ոգեկոչման հանդիսությանը: Նա շեշտեց, որ Կիպրոսի Հանրապետության և Հունաստանի խորհրդարաններն առաջիններից էին, որ աջակցեցին Հայոց ցեղասպանության արդար պահանջի ճանաչմանը՝ դատապարտելով թուրքական ոճրագործությունը և պահանջելով միջազգային ճանաչում:

Արարողությունն ավարտվեց Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախմբի ելույթով, որից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում խորհրդարանի անդամների, դեսպանների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Ապրիլի 24-ին տեղի ունեցավ Սուրբ պատարագ և հոգեհանգիստ Սբ. Աստվածածին եկեղեցում՝ նվիրված 1.5 միլիոն նահատակների անմահ հիշատակին:

Ապրիլի 26-ին կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ պրն. Վարդգես Մահտեսյանն ելույթ ունեցավ Կիպրոսի խորհրդարանում:

Այս խորագրի վերջին նյութերը