Մեկնաբանություն

02.05.2012 18:48


Րաֆֆի Հովհաննիսյանի «տեխնիկական վրիպակները»

Րաֆֆի Հովհաննիսյանի «տեխնիկական վրիպակները»

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ուժը վերջին շրջանում «տեխնիկական» վրիպակների հորձանուտի մեջ է հայտնվել։ Ինչ կարող ես անել, ծանր է «հաճախորդի» գլխարկը։

Եկեք այժմ տեսնենք, թե ինչ հերթականությամբ ի հայտ եկան այդ «վրիպակները»։

Սկզբում ցուցակային «վրիպակ» տեղի ունեցավ և զուտ «տեխնիկական» սխալի պատճառով «ժառանգության» ցուցակում հայտնվեցին իշխանության մարդիկ, ովքեր հիմա էլ շարունակում են սպասարկել նախագահական նստավայրի շահերը։

Հետո իսկական տեխնիակական սխալ տեղի ունեցավ և «ժառանգությունն» իր ստորագրությամբ միացավ ԲՀԿ–ին, ՀՅԴ–ին ու ՀԱԿ–ին՝ սկիզբ դնելով  Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ձևավորմանը։ Սակայն Րաֆֆի կուսակցի դրած ստորագրության թանաքը դեռ չչորացած՝ ՀՀԿ–ից «ժառանգությանը» հասկացրեցին, որ քայլն այդ կպատժվի և չափից շատ «ազատ» դեմոկրատներով համալրված ժառանգականները կարող են զրկվել Միխայիլ Բաղդասարովի՝ Երևանի կենտրոնում գտնվող գրասենյակից, թանկարժեք քարոզարշավ անելու հնարավորությունից, «Սարեր շարժելու» հեռանկարից, Չարենցի կամարի տակ անտաղանդ պարելու հաճույքից, «հայրենասիրությամբ» զբաղվելու «քարտ բլանշից», Նուշիկյանին պատկանող գովազդային վահանակների վրա երևալու «դաբրոյից», իշխանական թերթերի ու կայքերի անթաքույց աջակցությունից, թանկարժեք հեռուստաեթերից և ի վերջո նաև խոստացված 5 մանդատից։

Մի խոսքով, Րաֆֆիի վախը բռնեցին ու սա «դե ֆակտո» հետ կանգնեց իր ստորագրությունից և լծվեց իր բուն գործին՝ ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի դեմ գեղամյանություն անելուն։

«Տեխնիկական վրիպակներն» են, թերևս, պատճառը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները հիմա առերևույթ հանդես են գալիս «Երեք նախագահների եռանկյունուց դուրս» կարգախոսով, բայց իրականում պայքարում են բացառապես առաջին ու երկրորդ նախագահների, ինչպես նաև ԲՀԿ–ի ու ՀՅԴ–ի դեմ՝ «մոռանալով», իհարկե, որևէ թթու խոսք ասել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ–ի մասին, այնինչ երեք նախագահների դեմ պայքարողը պետք է նախևառաջ քննադատության սլաքներն ուղղեր գործող նախագահի և հետո նոր միայն նախկինների դեմ։ Բացի այդ՝ «ժառանգությունը» որևէ կոնկրետ «մեսիջ» չունի, որևէ կոնկրետ ու հասցեական խնդիրներից չի խոսում. պարզ պոպուլիզմով են զբաղված, ուրիշ ոչինչ։ 

Ի դեպ, տեղին է նկատել, որ ՀՀԿ–ն էլ իր հերթին է «Ժառանգության» հետ ունեցած ենթադրյալ պայմանավորվածությունները պահում։ Կա՞ն այդ պայմանավորվածությունները, թե՞ ոչ՝ շատ շուտով առարկայորեն տեսանելի կլինի շատերի համար, իսկ այս պահին փաստն այն է, որ հանրապետականների կողմից ոչ մի քննադատական խոսք չի հնչում Րաֆֆիի ու «ժառանգության» հասցեին։ Պատահակա՞ն է արդյոք դա, թե՞ ոչ, թող դատեն տարատեսակ հաճախորդներ տեսած ՀՀ ընտրողները։

Նկատենք, որ «Ժառանգության» և ՀՀԿ–ի հարձակման թիրախը «պատահաբար» համընկել է. ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ։ Սա ի միջի այլոց։

Ընտրությունների օրերը մոտենալուն զուգընթաց ևս մեկ «տեխնիկական վրիպակ» տեղի ունեցավ։ «Ժառանգությունն» իր տեղամասային ընտրահանձնաժողովի տեղերը «պատահաբար» զիջեց ՀՀԿ–ին։ Միայն քաղաքականապես անմեղսունակները կարող են հավատալ, որ զուտ «տեխնիկական» պատճառներով է «ժառանգությանը» պատկանող տեղերը հայտնվել ՀՀԿ–ի ձեռքում, ինչպես որ ուզում են դա ներկայացնել ժառանգական «կոմսոմոլները»։ Այցելեք ԿԸՀ–ի կայքէջի համապատասխան բաժինը (տե՛ս http://res.elections.am/images/doc/pec06.05.2012.pdf), ճշտեք այն անձանց անունները, ովքեր «ժառանգության» քվոտայով են մտել հանձնաժողով և կհամոզվեք ասածներիս մեջ։

Ըստ ամենայնի՝ «ժառանգությունը» հանձնաժողովի տեղերը ՀՀԿ–ին զիջել է «Գույք պարտքի դմիաց», այն է՝ «Հանձնաժողովի տեղեր՝ 5 տոկոսի դիմաց» ծրագրի շրջանակներում։

Հարց կարող է առաջանալ, թե արդյոք այսքանո՞վ են ավարտվելու «Ժառանգության» թույլ տված «տեխնիկական վրիպակները»։ Դատելով ամենից՝ դեռ ոչ։

Արդեն իսկ ակնհայտ է, թե ինչու է ՀՀԿ–ն իրեն կցել պրոֆեսիոնալ «հայրենասիրությամբ» զբաղվող Րաֆֆիին և թույլ տալիս նրան «տեխնիկական վրիպակների» հաշվին քարոզարշավ անցկացնել։

Պարզ է, որ ՀՀԿ–ն որոշել է վերարտադրվել ընտրակեղծիքների «նոր տեխնոլոգիաներ» կիրառելով, որի դեպքում տեղամասերում լցոնումներ չեն լինում, ծեծ ու ջարդ չի լինում, այլ կիրառվում է  տեղամասերից հեռու մի վայրում ընտրողներին տոտալ կաշառման ու ընտրացուցակների ուռճացման միջոցով ցանկալի տոկոսներ ստանալու տարբերակը։ Այսինքն՝ ՀՀԿ–ն ուզում է անել այն, ինչ արեց Հրազդանի քաղաքապետի ընտրության ժամանակ։

Նախագահին, ըստ այդմ, պետք է, որպեսզի ընդդիմադիրի համարում ունեցող ուժերից մեկը ճանաչի այդ «ընտրությունների» արդյունքները և դրա համար էլ «երկխոսացրել» է «ժառանգությանը»։ Ուշագրավ է, որ Րաֆֆիի թիմակիցներից մեկը, հյուրընկալվելով «Շանթ» հեռուստաընկերությանը, ակամայից բացահայտեց իրենց այդ դերակատարումը։ Ժառանգականը նշեց, որ եթե առաջիկա ԱԺ ընտրություններն անցեն այնպես ինչպես, օրինակ, Հրազդանում, ապա իրենք դա քայլ առաջ կգնահատեն ու կհամարեն, որ համեմատաբար ազատ ընտրություն է եղել։

Ուշադրությու՛ն դարձրեք. Հրազդանում, ինչպես նույն «Ժառանգության» անդամներն ու լրատվամիջոցներն են նշել, ՀՀԿ–ն հաղթեց ուռճացված ընտրացուցակների ու ընտրակաշառքի օգնությամբ։ «Ընդդիմադիր» «Ժառանգության» ներկայացուցիչն ասում է, որ Հրազդանի տիպի ընտրությունները քայլ առաջ կլինեն, իսկ Րաֆֆին էլ չի բացառում, որ ԱԺ–ում հայտնվելու դեպքում կոալիցիա կկազմի ՀՀԿ–ի հետ։ Ահա և «տեխնիակական վրիպակների» բուն դրդապատճառներն ու էությունը, իսկ մնացածը էժանագին շոու է։

Կստացվի՞ իշխանության մոտ կյանքի կոչել «Հրազդան» օպերացիան, թե՞ ոչ՝ կախված է մեր երկրում քաղաքական մենաշնորհի վերացման մեջ շահագրգիռ ուժերի վարքագծից ու հանրության վճռականությունից։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հետաքրքրական է, որ «Ժառանգության» ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք Օսկանյանը, ով նշում են, թե քաղաքական մենաշնորհի վերացումը քաղաքական ու տնտեսական համակարգի առողջացման նախապայմաններից է, բառացիորեն պատասխանեց՝ ոչ։ Մարդիկ, փաստորեն, անկեղծ են։

Այս խորագրի վերջին նյութերը