Քաղաքական

22.05.2009 18:24


Քաղաքական ուժերը համաներման մասին

Քաղաքական ուժերը համաներման մասին

Անցնող շաբաթվա խորհրդարանական քառօրյայի ընթացքն ամփոփելու համար դրան հաջորդող ճեպազրույցների ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչները լրագրողներին են ներկայացրել իրենց տեսակետները։

Այսպես, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությանը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին համաներում կհայտարարի «Մարտի 1»-ի գործով կալանավորվածների նկատմամբ, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշել է, թե ինքը մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի այն անդամն է եղել, ով շարունակ խոսել է համաներման մասին։

-Լավագույն ելքերից մեկը համաներումն է։ Եթե այսօր հանրապետության նախագահն այդ կամքը դրսևորում է, մենք ողջունում ենք այդ քայլը: Հարկավոր էր դա ավելի վաղ անել։ Նույնիսկ այսօր էլ, եթե այդ մասին ասվում է և արվելու է, շատ ավելի լավ է։ Համաներումն այս պահի դրությամբ միակ ելքն է մնացել, որը հնարավորություն կտա ստեղծված լարված վիճակում որոշակի թեթևացում իրականացնել,- հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավորը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նույն թեմայի վերաբերյալ ասել է, թե մայիսի 31-ից հետո, երբ ընտրությունները կավարտվեն և համաներումն էլ հայտարարված կլինի, փոփոխությունների մեծ դաշտ է բացվելու.

-Այդ փոփոխությունները պետք է լինեն դրական, ընթանան կառուցողական հունով, և այդ ժամանակահատվածը պետք է օգտագործվի իրական, արմատական բարեփոխումների համար, այլ ոչ թե մինչև այժմ իրականացված իմիտացիոն քայլերի ուղղությամբ։

Մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ խոսել է խորհրդարանական ընդդիմության այն կանխատեսման մասին, թե չի բացառվում, որ մոտ ապագայում կառավարությունը հրաժարական տա։

-Մեզ համար ճգնաժամը հաղթահարելի է լինելու, և աշնանը մենք բավական առաջընթաց ենք ապահովելու։ Այնպես որ, ընդդիմությունները նրա համար չեն, որ առիթներն օգտագործեն։ Ընդդիմությունը նրա համար է, որ այլընտրանքային ծրագրեր առաջարկի և իրականացնի։

Գալուստ Սահակյանն ասել է, թե բոլոր քաղաքական ուժերն էլ փորձում են հասարակության առջև ամենալավ վիճակում գտնվել.

-Իհարկե՛, մենք էլ դրանից չենք խուսափում, բայց մեր  լավ վիճակը կախված է այն աշխատանքներից, որոնք իրականացվում են մեր պետության ներսում։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը