Քաղաքական

22.05.2009 19:40


Ներկայացնում են ընտրություններին մասնակից կուսակցությունների ներկայացուցիչները։

Ներկայացնում են ընտրություններին մասնակից կուսակցությունների ներկայացուցիչները։

Մամուլի ազգային ակումբը ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ 2009թ. մայիսի ընթացքում իրականացնում է հասարակական-քաղաքական քննարկումների շարք՝ «Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ» խորագրով։ Սա ՄԱԱ-ի կողմից կազմակերպված երկրորդ նմանատիպ քննարկումն էր։ Այս անգամ քննարկման համար ընտրվել էր «Ընտրություններից 10 օր առաջ. արդյունքներ, գնահատականներ, կանխատեսումներ» թեման։

Ի՞նչ տվեց ընտրարշավի անցած ժամանակահատվածը, ի՞նչ նախնական արդյունքներ արձանագրեցին կուսակցությունները, ի՞նչ հետևություններ արեցին և զարգացման ի՞նչ սցենարներ են կանխատեսում ընտրությունների համար հարցերի շուրջ իրենց տեսակետները և գնահատականներն են ներկայացրել ընտրություններին մասնակից կուսակցությունների ներկայացուցիչները։

Հարկ է նշել, որ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները համակարծիք են այն հարցում, որ Հայաստանում քաղաքական դաշտը դեռևս ձևավորված չէ, որ ընտրապայքարը պետք է լինի ծրագրերի և գաղափարների շուրջ, ընտրություններն էլ պետք է անցնեն արդար և առանց ընտրակեղծիքների։ Սակայն թե ո՞վ պետք է կրի նշված հարցերում եղած թերացումների պատասխանատվությունը, նրանք տարբեր մոտեցումներ ունեն։

Մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն իր ելույթում նշել է, որ իշխանություններն այսօր զբաղվում են ընտրարշավի իմիտացիայով, և վերջերս հաճախակի դարձած քաղաքական «ռազբորկաները» կոալիցիայի շրջանում քաղաքական դիրքորոշումների բացակայության պատճառով են։

ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը, ներկայացնելով Դաշնակցության դիտարկումները, ցավով նշել է, որ ժողովրդին նորից ընտրակաշառք է բաժանվում։ Նրա կարծիքով՝ այդ հանգամանքը լիովին բարոյալքում է ժողովրդին, այնինչ միայն առողջ բարոյական մթնոլորտը կարող է Երևանը դարձնել գրավիչ։ Նա նշել է, որ ընտրարշավի ընթացքում խոսվում է ամեն ինչից, բացի կուսակցությունների ծրագրերից։

-Իշխանություններից մենք լսում ենք խոստումներ, իսկ ընդդիմադիր թևից միայն իշխանության քննադատություն,- ասել է նա։

Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը, հանդես գալով բավական զուսպ, ասել է, որ կուսակցությունների ներկայացրած ծրագրերը պետք է լինեն իրատեսական և համապատասխանեն սահմանված օրենքներին։ Ինչ վերաբերում է Հանրապետականին, ապա, նրա խոսքերով կուսակցությունն իր խոստումներում շատ համեստ է, քանի որ գալու է նաև այդ խոստումներն իրականացնելու ժամանակը։

Նա ցանկություն է հայտնել, որպեսզի անկախ ընտրությունների արդյունքներից, բոլորս հունիսի 1-ը նշենք որպես երեխաների միջազգային պաշտպանության օր։

 

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը