Լրահոս

03.05.2012 20:49


Ժամանակավոր ցուցադրության բացում Ստոկհոլմում

Ժամանակավոր ցուցադրության բացում Ստոկհոլմում

2012թ. ապրիլի 23-27-ը Ստոկհոլմի կաթոլիկ տաճարի սրահում Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ ներկայացրեց «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը:

 

Ցուցադրությունն առաջին անգամ 2011թ. ապրիլին ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` աշխարհահռչակ նորվեգացի բևեռախույզ, մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ:

2011թ. պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեդիայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև 2011թ. ընթացքում Սկանդինավյան երկրներից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ ծանոթացել են ցուցադրության բովանդակությանը:

Ստոկհոլմում բացված ցուցադրությունը բաղկացած էր 11 հիմնական, ինչպես նաև 6 նոր ցուցատախտակներից, որոնք ներկայացնում են սկանդինավյան դիվանագետների, քաղաքական գործիչների և միսիոներների գործունեությունը Հայոց ցեղասպանության ընթացքում: Հավելյալ ցուցատախտակներում ներկայացվեցին Կոստանդնուպոլսում Շվեդիայի դեսպանատնից ուղարկված 12 դիվանագիտական զեկույցներ` որոնցում տեղեկություններ են հաղորդվում հայ ժողովրդի բնաջնջման մասին:

Ցուցադրություն այցելել է 400-ից 500 այցելու, ցուցադրությանն անդրադարձել են շվեդական հետևյալ երեք հեղինակավոր թերթերը` «Svenska Dagbladet», «Dagen» և «Världen idagy»:

«Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը ներկայացվելու է Շվեդիայի տարբեր քաղաքներում, ցուցադրվելու է տարբեր գրադարաններում, համալսարաններում և այլ հասարակական վայրերում:

Այս խորագրի վերջին նյութերը