Քաղաքական

03.05.2012 15:07


Սերժ Սարգսյանն ամաչո՞ւմ է իր թիմից. ներկայացնում է Արմեն Բադալյանը

Սերժ Սարգսյանն ամաչո՞ւմ է իր թիմից. ներկայացնում է Արմեն Բադալյանը

Այսօրվա ասուլիսին քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ընտրություններին ընդառաջ ներկայացրել է Հանրապետական կուսակցության քարոզարշավի բացասական կողմերն ու վրիպակները։ Բանախոսի խոսքերով՝ Հանրապետականը 3 ստրատեգիական ուղղություն էր ընտրել, և երեքն էլ աշխատել են ավելի շատ ՀՀԿ–ի դեմ, քան կողմ։

Առաջինն այն է, որ ՀՀԿ ղեկավարը միայնակ էր գնում քարոզարշավի, և ինքը, փաստորեն, ամբողջովին ներկայացնում էր Հանրապետական կուսակցությունը։ Սա ճիշտ չէր այն առումով, որ Ազգային ժողովը մեկ մարդու տեղ չէ. ԱԺ ընտրությունը նախագահի ընտրություն չէ, թիմի ընտրություն է։ Անհասկանալի էր, երբ ՀՀԿ ղեկավարը գնում էր ընտրատարածք, ասում էր, որ ձայն տան այսինչ թեկնածուին, օրինակ՝ Մհեր Սեդրակյանին կամ Սամվել Ալեքսանյանին.  ինչո՞ւ այդ մարդիկ իրենց քարոզարշավի ժամանակ ելույթներ չէին ունենում և չէին կանգնում Սերժ Սարգսյանի թիկունքին։ Փաստորեն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ամաչում է այդ մարդկանցից։ Եթե ամաչում էր, ապա ինչո՞ւ է ընդգրկել իր ցուցակ։ Եթե չէր ամաչում, ապա ինչո՞ւ նրանք չէին կանգնում իր թիկունքին։ Տպավորությունն այն է, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ ձևավորել թիմ։ Իսկ եթե դու չես կարողանում թիմ ձևավորել, դու չես պատկերացնում, թե ինչ ես ուզում։ Որովհետև եթե դու նպատակ ես  դնում քո առջև, դու պետք է իմանաս, թե ով կարող է այդ նպատակն իրականացնել։ Անհասկանալի էր նաև համամասնական ցուցակի 15–20 հայտնի գործիչների հայտնվելը. ի՞նչ կապ ունեն իրենք Հանրապետականի հետ։ Սա առաջին ստրատեգիական սխալն է։ 

Երկրորդ՝ սկզբում եթե նայում ենք քարոզարշավի ընթացքին, հիմնական շեշտադրումը «հավատի» վրա էր դրվում՝ ապագայից ինչ–որ ակնկալիքներ էին ակնկալում։ Հետո փոխեցին, սկսեցին գրաֆիկներ ցույց տալ՝ տնտեսական աճ է եղել, 2008–12թթ. տնտեսությունն է աճել և այլն։ Թվում է, թե նորմալ է։ Սակայն երբ այդ թվերը ներկայացվեցին, ՀՀԿ–ի մրցակից Հայ ազգային կոնգրեսի տնտեսագետ ներկայացուցիչները  առաջարկեցին բանավեճ անցկացնել ՀՀԿ համամասնական ցուցակում համար3–րդ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ով, փաստորեն, այդ թվերի տերն է. ինքն է այդ թվերը, այդ աճը ապահովել՝ ըստ հանրապետականների քարոզարշավի։ Սակայն Տիգրան Սարգսյանը հրաժարվեց։ Սա էլ է հարց առաջացնում՝ եթե այդ թվերը ճիշտ են, ինչո՞ւ չեք գնում բանավիճելու և ցույց տալու, որ դրանք իրական թվեր են։ Ուրեմն, թվերը ճիշտ չեն, ստացվում է այդպես։ 

Եվ երրորդ սխալը, իհարկե, Մաշտոցի պուրակի կիքսն էր։ 80 օր շարունակ ցույց էր տրվում, թե ինչպես են բնապահպանները, քաղաքացիական շարժումը պայքարում, որպեսզի Մաշտոցի պուրակում բուտիկներ չդրվեն, երբ քաղաքապետն ու վարչապետն ասում էին՝ ո՛չ, պետք է դրվի, կառավարությունը որոշում ընդունեց, այսինքն՝ համակարգը որոշեց, որ այդտեղ պետք է բուտիկներ լինեն, հետո հանկարծ, պատահական, քվեարկությունից 4 օր առաջ համակարգի ղեկավարը գալիս և ասում է՝ հանի՛ր. ճաշակով չէ։ Նախ՝ մի կողմ դնենք իրավական հարցերը, թե նախագահն ինչ իրավունք ունի՝ կարգադրել ՏԻՄ–ի ղեկավարին հանելու մասին, երկրորդ՝ նախագահը ոտքի վրա «ջրեց» Կառավարության որոշումը՝ այդ հարցերը դնենք մի կողմ։ Եթե դու փիար ես անում, պետք է տիրապետես փիարի օրենքներին, կանոններին։ Եթե դու չես տիրապետում փիարի տեխնոլոգիաներին, այդ փիարը քո դեմ է աշխատում։ Բոլորի համար պարզ դարձավ, թե ինչի համար էր Մաշտոցի պուրակի այս ամբողջ պայքարը։ Սա ոչ թե քաղաքացիական, բնապահպանական շարժում էր, չնայած այնտեղ կային մարդիկ, ովքեր իրոք պայքարում էին բուտիկների ապամոնտաժման համար։ Սա իրականում այլ բան էր։ Եթե սա չլիներ քվեարկությունից 4 օր առաջ, եթե այլ կերպ ներկայացվեր՝ որպես ՀՀԿ ղեկավար կոչ աներ Երևանի ավագանիում այդ հարցը վերանայել, լրիվ այլ բան կլիներ։

Արմեն Բադալյանի կարծիքով այս քայլով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ամբողջ համակարգը վատն է, և միայն ինքն է լավը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը