Լրահոս

03.05.2012 15:50


«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք». ֆոտոցուցահանդես

«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք».  ֆոտոցուցահանդես

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից,  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպված  միջոցառմանը  ներկա էին լրագրողներ, պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառմանն աջակցում են նաև ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակը: 

 Ցուցահանդեսի նպատակն է անդրադառնալ տեղեկատվություն ստանալու իրավունքի խոչընդոտներին ու հնարավորություններին, և կառավարությանը, մամուլի ներկայացուցիչներին ու ընդհանուր հանրությանը հիշեցնել այս իրավունքին հասնելու գործում իրենց դերակատարման մասին:  Ֆոտոցուցահանդեսին մասնակցող 70-ից ավելի լուսանկարներն ու  ծաղրանկարները կտպագրվեն նաև մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ  ֆոտոկատալոգում:

 Ցուցահանդեսին բացման խոսքում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ողջունեց ցուցահանդեսը՝ որպես  տեղեկատվության և մամուլի ազատության մասին հանրային ընկալումները ներկայացնելու ինքնատիպ միջոց. §Այսօր նշում ենք Մամուլի ազատության օրը: Եվրոպական միությունը մշտապես սատարել է խոսքի և կարծիքի ազատ արտահայտմանը, քանի որ այն մարդու հիմնարար իրավունքների մասն է կազմում: Ցանկանում եմ օգտվել այս առիթից և կարևորել լրագրողների աշխարհի ցանկացած վայրում իրականացրած աշխատանքը, քանի որ ազատ արտահայտվելու իրենց իրավունքն իրականացնելու համար նրանք երբեմն վտանգի են ենթարկում իրենց կյանքը:  Հուսով ենք, որ Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունների լուսաբանման ժամանակ ականատես կլինենք մասնագիտական նման նվիրումի¦:   

 ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինը շեշտեց մամուլի և տեղեկատվության ազատության դերը բաց և հաշվետու կառավարության ձևավորման գործընթացում, նաև ավելացրեց. §Ազատ խոսքն ու տեղեկատվության մատչելիությունը հիմնարար նշանակություն ունեն մարդու արժանապատվության հարգման համար: Դրանք այն կարևոր գործիքներն են, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին: Հուսով ենք, որ այսօրվա ցուցահանդեսը կառավարությանը, ԶԼՄ-ներին և հասարակությանը կհիշեցնի, թ ե իրենցից յուրաքանչյուրն ինչ դեր ունի ազատ խոսքի և տեղեկատվության իրավունքի կիրառման հարցում¦:  

 ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն իր ելույթում նշեց. «Այս միջոցառումը յուրահատուկ ակցիա է հանրության ուշադրությունը մեկ անգամ եւս բեւեռելու մամուլի եւ տեղեկատվության ազատության հիմնահարցերին: Սա հատուկ ֆոտոցուցահանդես է, քանի որ այստեղ յուրաքանչյուր ոք` քաղաքացի, լրագրող, պրոֆեսիոնալ լուսանկարիչ, հնարավորություն ունեցավ ներկայացնելու իր աշխատանքը: Այս լուսանկարներում պատկերված հերոսներն իրենց անհամաձայնությունն են հայտնում մամուլի ազատության հանդեպ կատարվող բռնությունների նկատմամբ, ինչպես նաեւ փորձում են իրականացնել իրենց տեղեկատվություն ստանալու իրավունքը` անկախ խոչընդոտներից եւ արգելքներից»։

 ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես գովասանքի խոսքեր ասաց  կազմակերպիչներին և  կարևորեց ազատ մամուլի և տեղեկատվության հասանելիության դերը գործուն ժողովրդավարության կայացման գործում:  Դեսպան Հեֆերնը  Հայաստանի Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնին կոչ արեց  շարունակել  պետական հաստատությունների թափանցիկութան և հաշվետվողականության զարգացմանն ուղղված իրենց արդյունավետ ջանքերը:

 Մամուլի ազատության օրը նշվում է մայիսի 3-ին ողջ աշխարհում՝ ևս մեկ անգամ կարևորելու լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքները: Միջոցառմանը կոչ արվեց անդամ երկրներին երաշխավորել և սատարել տեղեկատվության ազատությանը և հիշեցնել քաղաքացիական հասարակության կազմակերպություներին, այլ ներգրավված կառույցներին, և, մասնավորապես, լրատվամիջոցներին, տեղեկատվության ազատությունը խթանելու  իրենց կարևոր դերի մասին:

 

Այս խորագրի վերջին նյութերը