Լրահոս

04.05.2012 09:00


Ոստիկանությունը շարունակում է պարզաբանել

Ոստիկանությունը շարունակում է պարզաբանել

«Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 3-ի համարում տպագրված «Հրապարակեք առկա ընտրողների ցուցակը» հոդվածում նշվում է, որ անձնագրային և վիզաների վարչությունը «Հայփոստին» պատվիրել է 1 900 000 ծանուցման առաքում, որից մոտ 750 000-ը հետ է վերադարձվել: Դրանից հոդվածագիրը հետևություն է արել, որ առկա ընտրողների իրական թիվը  1 150 000 է, իսկ 750 000-ը  Հայաստանում չի բնակվում: 

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ տարածվել է հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում լիազոր մարմինն ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, քվեարկության տեղի և ժամանակի մասին, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Այսինքն՝ մեկ տեղամասանոց համայնքների ընտրողներին ծանուցումներ չեն ուղարկվում: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ ծանուցագրեր են ուղարկվել 1 965 536 ընտրողի:

«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության համաձայն՝ 2012թ. մայիսի 3-ի ժամը 13:00-ի դրությամբ փոստային բաժանմունքներ վերադարձված ծանուցագրերի թիվը կազմում է 69 493 հատ: Փաստորեն` հոդվածագիրը տասն անգամ ուռճացրել է վերադարձված ծանուցագրերի թիվը` իրականությանը չհամապատասխանող տվյալները հիմնավորելու համար: 

Այս խորագրի վերջին նյութերը