Լրահոս

04.05.2012 12:37


ԵՀԽ. «Տվե՛ք ձեր ձայնը միայն լավ քաղաքականության դիմաց»

ԵՀԽ. «Տվե՛ք ձեր ձայնը միայն լավ քաղաքականության դիմաց»

Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) տարածել է հայտարարություն, որը լրագրողներին ներկայացրեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Կամբեկը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Եվրոպա-Հայաստան խորհուրդը, Եվրամիության և միջազգային հանրության մեծ մասի հետ համատեղ, անհամբեր սպասում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը 2012թ. մայիսի 6-ին: Հայաստանի կառավարության, բայց նաև ընդդիմության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերակատարների պարտականությունը կլինի ապահովել, որ այս ընտրությունները նշանավորեն դեպի խոստումնալից ապագա ուղղված քայլ երկրի և նրա ժողովրդի համար։ Այս ընտրությունները միայն նոր պատգամավորներ ընտրելու օր չէ: Դրանք ազգային կարևորություն ունեցող իրադարձություն են: Անկազմակերպ և ոչ ժողովրդավարական ձևով անցկացված ընտրությունները կթուլացնեն ողջ երկիրը, այն դեպքում, երբ լավ կազմակերպված և ազատ ու արդար բնույթ ունեցող ընտրությունները կամրապնդեն երկիրը և աճի ու զարգացման հնարավորություններ կընձեռեն:

Եվրոպան կանգնած է Հայաստանի կողքին և ողջունում է վերջին տարիների ընթացքում կատարած նշանակալի առաջընթացը: Հայաստանը մեծապես հաղթահարել է 2008 թ. մարտի ճգնաժամը: Հետևելով Եվրոպայի առաջարկություններին` համաներում է իրականացվել, արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսություն է նախաձեռնվել, ընտրական օրենսգիրքն է բարեփոխվել, հավաքների ազատությունն է բարելավվել (ներառյալ` մուտքը Օպերայի հրապարակ), ԵՄ-ի հետ մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսություն է սկսվել և ոստիկանության և դատավորների վարքագծի վերաբերյալ մի շարք օրենքներ և ընթացակարգեր են բարելավվել: Բացի այդ, շատ արագ են ընթանում Հայաստանի բանակցություններն ԵՄ-ի հետ նոր Ասոցացիան համաձայնագրի շուրջ: 
Ներկայումս համաձայնեցվում է Արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ և, ինչն առավել էական է, Խորը և համապարփակ, ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններն են արդեն սկսվել: Սա ընձեռնում է Հայաստանին նոր հեռանկարներ և դեպի իր տեղը եվրոպական ընտանիքում վերադառնալու հնարավորություն: Քաղաքականապես, ավելի ու ավելի շատ կուսակցություններ են դաշնակցում իրենց եվրոպացի գործընկերների հետ: Ինչպես և դիտորդների մեծ մասը, ՀԵԽ-ը չէր ակնկալում, որ այս բոլոր դրական քայլերը իսկապես կիրականացվեն, և չնայած որ դեռ ակնկալիքներ կան հայկական կողմից` մենք ողջունում ենք այն փաստը, որ արդեն այսքան աշխատանք է կատարվել:

Հայաստանը դեռևս լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած և, հետևաբար, ուժեղ և փորձառու նոր խորհրդարանականների կարիք ունի: Չնայած հարևան Ադրբեջանի սպառնալից և սադրիչ հայտարարություններին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է և պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Թուրքիայի հետ մերձեցման գործընթաց սկսելը խիզախ և դրական քայլ էր, և մինչդեռ գնդակը դեռ գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, մենք կարծում ենք, որ գործընթացը պետք է վերականգնվի: Տնտեսապես միջազգային ճգնաժամը հարվածել է Հայաստանին, բայց ներկայումս այն փորձում է վերականգնել իր ուժերը: Արտագաղթը, կոռուպցիան և գնաճը անցյալի ակնհայտ բացթողումներից էին: Այս մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են փորձառու և Հայաստանի համար հստակ ծրագրային տեսլական ունեցող քաղաքական գործիչներ:

Ձեր քվեն կարող է վճռորոշ լինել Հայաստանի ապագայի համար: Ուստի մենք կոչ ենք անում ընտրողներին լինել ակտիվ, կուսակցությունների ծրագրերի և նրանց քաղաքական գործիչների հմտությունների մասին տեղեկատվություն ձեռք բերել և, ամենից գլխավորը, քվեարկել: Նրանք, ովքեր չեն քվեարկում, չպետք է ավելի ուշ քաղաքականությունից բողոքեն: Նրանք, ովքեր քվեարկում են, կերտում են Հայաստանի ապագան և օգնում են կանխել խարդախության փորձերը: Ոմանց առաջարկվել է սնունդ, նոր ճանապարհներ, վերանորոգված մանկապարտեզ կամ պարզապես գումար իրենց ձայնի դիմաց: Տվե՛ք ձեր ձայնը միայն լավ քաղաքականության դիմաց: Այս ընտրությունները միայն ձեր ընտանիքին կամ համայնքին չեն վերաբերում. բոլոր ընտանիքները և համայնքները սննդի, ճանապարհների, մանկապարտեզների, աշխատատեղերի, անվտանգության և հեռանկարների կարիք ունեն: Միայն լավ քաղաքականությունն է ի վիճակի տալու այս ամենը, և դրա համար Հայաստանը ձեր ձայնի կարիքը ունի:

Մայիսի 6-ին հայ ժողովուրդը կկանգնի ընտրության առջև: Մենք` ՀԵԽ-ը և Եվրոպան առհասարակ, կհետևենք Հայաստանին և կձգտենք տոնել ժողովրդավարության այս օրը ձեզ հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը