Լրահոս

04.05.2012 16:11


Փաստաբան. «Սահմանադրական դատարանի կողմից հայցի բավարարումն ազդարարելու է մահացած քաղաքացիների իշխանության ավարտը»

Փաստաբան. «Սահմանադրական դատարանի կողմից հայցի բավարարումն ազդարարելու է մահացած քաղաքացիների իշխանության ավարտը»

Ինչպես հայտնի է, վաղը՝ ժամը 10։00–ին, ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում նշանակված է ՀՀ ԱԺ 30 պատգամավորների կողմից ստորագրված դիմումի քննությունը Ընտրական օրենսգրքի 11, 31, 33 հոդվածների այն նորմերի դեմ, որոնցով նախատեսված է ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման բացարձակ արգելքը։

Հանրային վերահսկողության միասնական նախընտրական շտաբի փաստաբան Վահե Գրիգորյանը, ով լիազորվել է ԱԺ պատգամավորների կողմից հայցը ՍԴ ներկայացնելու համար, ասել է.

–Դատարանի կողմից որպես գործով պատասխանատու ճանաչվել է ՀՀ ԱԺ–ն՝ օրենսդիր մարմինը։ Բայց ես կասեի, որ մեր հակառակ կողմը լինելու է ոչ թե օրենսդիր մարմինը, այլ հենց Սահմանադրական դատարանը։ Այսինքն, մենք հենց Սահմանադրական դատարանի հետ ենք գործ ունենում, որովհետև օրենսդիր մարմինն ինչպես չի ունեցել, այնպես էլ չունի որևէ հակափաստարկ մեր հայցի դեմ։

Շարունակելով իր խոսքը՝ Վահե Գրիգորյանը ներկայացրել է հակառակ կողմի միակ հակափաստարկը ներկայացված հայցի դեմ.

–Լրատվամիջոցներով որոշակի առումով ներկայացվել է հակառակ կողմի միակ հակափաստարկը, որը մշտապես թմբկահարվում է՝ Վենետիկի հանձնաժողովի համապատասխան զեկույցը։ Մենք ասում ենք Սահմանադրություն, լսում ենք Վենետիկի հանձնաժողով, մենք ասում ենք ՀՀ միջզգային պարտավորություններ, միջազգային իրավունքի աղբյուրներ, դիմացից լսում ենք Վենետիկի հանձնաժողով, մենք ասում ենք բանականություն, լսում ենք թելադրանք։ Իրականության մեջ սա լինելու է ընտրություն Սահմանադրական դատարանի համար բանականության և թելադրանքի միջև։ Բանականության, որովհետև ներկայացնելու ենք բանական փաստարկներ առ այն, որ չի կարող նման արգելք լինել ժողովրդավարական հասարակությունում, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, որի բովանդակային առանցքը ժողովրդի կողմից իր իշխանության իրականացման հնարավորությունն է, չի կարող նման կերպ սահմանափակվել. դիմացից կրկին լսելու ենք Վենետիկի հանձնաժողով,–ասել է Վահե Գրիգորյանը։

Փաստաբանի խոսքերով՝ Սահմանադրական դատարանի կողմից հայցի բավարարումն ազդարարելու է մահացած քաղաքացիների, բացակայող քաղաքացիների, վախեցած և ընտրակաշառքով գայթակղված քաղաքացիների իշխանության ավարտը.

–Իհարկե ոչ բացարձակ իմաստով, բայց իրականում սա հենց դա է նշանակում։ Որովհետև Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, որ մահացածների, բացակաների, ընտրակաշառքով գայթակղվածների, վախեցած, նաև հուսահատված քաղաքացիների իշխանությունը գերակայում է իրենց քաղաքական կամքն ակտիվորեն դրսևորող քաղաքացիների իշխանության նկատմամբ։ Սահմանադրական դատարանը շատ իրական հնարավորություն ունի՝ վերջ տալու այս դարաշրջանին Հայաստանում, և սա քաղաքական առողջացման նախապայման է,–հայտարարել է փաստաբանը։

Հայցադիմումի տեքստը կարող եք դիտել այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը