Լրահոս

04.05.2012 16:52


Թիվ 18 ընտրատարածքում խոչընդոտում են թռուցիկների բաժանումը. ահազանգ

Թիվ 18 ընտրատարածքում խոչընդոտում են թռուցիկների բաժանումը. ահազանգ

Քիչ առաջ «7օր»–ի խմբագրություն էր զանգահարել թիվ 18 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված պատգամավորության թեկնածու Ռազմիկ Թևոնյանի շտաբի անդամ, Արարատի մարզի Վեդի քաղաքից Հայկ Մելքոնյանը և հայտնել, որ իրենց արգելում են թռուցիկներ բաժանել։

–Մենք թռուցիկներ ենք տարածել «Ո՛չ ընտրակաշառքին» բովանդակությամբ՝ ասելով՝ ժողովո՛ւրդ, եթե անգամ վերցրել եք, մեկ է, ազատ ընտրելու իրավունք ունեք։ Դրա համար այս իշխանությունները խառնվել են իրար, չեն թույլատրում, որ տարածենք, ասում են՝ իրավունք չունեք։ Իսկ իրենք փող են բաժանում բացեիբաց,–ասել է Հայկ Մելքոնյանը։

Նա հայտնել է, որ թռուցիկների բաժանումը կոնկրետ արգելում է Արարատ քաղաքի ոստիկանապետը։

–Խառնվել են իրար ընդամենն էդ ընտրակաշառք բառից։ Իսկ իրենք՝ իշխանավորները, ամե՛ն տեղ են ընտրակաշառք բաժանում՝ առանց ամաչելու։ Հանրապետականը սատարում է հենց նրան՝ Արայիկ Գրիգորյանին՝ Ավշարի գործարանի տնօրենին։ Իսկ մեր թեկնածուին՝ Ռազմիկ Թևոնյանին, ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն են սատարում,–ավելացրել է նա։

Թիվ 18 ընտրատարածքում առաջադրված երրորդ թեկնածուն էլ «Օրինաց երկիր» կուսակցությունից Իշխան Խաչատրյանն է։

ՀՀԿ–ն այստեղ թեկնածու չի առաջադրել, բայց 2012թ. ապրիլի 13–ին Արարատի մարզ կատարած նախընտրական քարոզչության ժամանակ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ էր արել քվեարկել ՀՅԴ–ի թեկնածու Արայիկ Գրիգորյանի օգտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը