Մեկնաբանություն

04.05.2012 20:35


Ի՞նչ է սպասվում մայիսի 6–ին ու դրանից հետո

Ի՞նչ է սպասվում մայիսի 6–ին ու դրանից հետո

ԱԺ ընտրությունների քարոզչական փուլն արդեն ավարտվեց և կարելի է ամփոփել տեղի ունեցածը։

Զրոյից մի փոքր ավել ձայն ունեցողները

Ի սկզբանե պարզ էր, որ հայտ ներկայացրած 9 կուսակցություններից երեքը՝ ՀԴԿ–ն, կոմունիստներն ու «Միավորված հայերը» մասնակցում են օլիմպիական սկզբունքով՝ կարևորը մասնակցությունն է։

Այս ուժերի քարոզարշավն ընտրողներին ոչինչ չասեց և չէր էլ կարող ասել։ Միակ տհաճ բանը, որի վրա կուզենայի կանգ առնել՝ ՀԿԿ–ի քարոզչական «մեխերն» էին։ Կոմունիստների գովազդային տեսահոլովակներն իրենցից ներկայացնում էին հակաանկախական կամ որ նույնն է՝ հակապետական կոչեր, ինչը քննադատելի է բոլոր առումներով։

Ստացվում է, որ անկախության ձեռքբերումն ու Ղարաբաղյան պատերազմի հաղթանակները զրոյական արժեք ունեն նրանց համար, իսկ փոխարենը գերագույն արժեք է ներկայացվում չեղած ու չլինելիք բանը։ Այո՛, Սովետի ժամանակ լավն էլ կար, բայց չի՛ կարելի այդքան ատել սեփական պետությունն ու երազել, ասենք, «էժան» երշիկի մասին և  մարդկանց իռացիոնալ հույզերի վրա խաղալ։

Ողջ քարոզարշավի ընթացքում համայնավարական գաղափարների կրողները ՀՀ նորագույն պատմությունը, իշխանության «պասով», ներկայացնում էին որպես մեր ժողովրդի համար «սև շրջան» և փաստացի վասալային երկիր դառնալու կոչերով հանդես գալիս։ Լավ է, որ ընտրողների շատ չնչին մասն է հիվանդ կարոտախտով, և ՀԿԿ–ի քարոզից օրեր անց կմնան միայն վատ հուշերը։  

Հին ու նոր հաճախորդները

ՕԵԿ–ն ու «Ժառանգությունը» տարբեր դիրքերից էին հանդես գալիս, բայց ընդհանուր առմամբ խաղում էին Սերժ Սարգսյանի տիրույթում։ Մեկը հույսը դրել էր ընտրողների կարճ հիշողության ու նախագահի կողմից բարոյական ուժ որակվելու վրա և աջ ու ձախ խոստումներ էր տալիս, իսկ մյուսը՝ ընդդիմադիրի պիտակի տակ պայքարում էր ՀՀԿ–ին քաղաքական մենաշնորհից զրկելու մեջ շահագրգիռ ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Մեկը հին ու բացահայտված հաճախորդ է, իսկ մյուսը՝ «հայրենասիրությամբ» զբաղվող և ընտրողների մի փոքր մասի համար դեռևս չբացահայտված հաճախորդ։

ՕԵԿ–ն ու «Ժառանգությունը» կռիվ են տալիս 5 տոկոսը հաղթահարելու (այլ հարց է, որ շարքերին ոգևորելու և աշխատացնելու համար՝ Արթուրն ու Րաֆֆին շրջանառության մեջ են դրել 25% հաղթահարելու մասին բլեֆը), իսկ մայիսի 6–ից հետո Սերժ Սարգսյանին այլ բնույթի ծառայություններ մատուցելու համար։ Կհաջողվի՞ արդյոք այս երկուսին հայտնվել խորհրդարանում՝ կախված է մի շարք հանգամանքներից։

Դատելով ՀՀԿ–ի ծանր վիճակից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ս. Սարգսյանը բացառապես սեփական խնդիրներով է զբաղված լինելու՝ Արթուր Բաղդասարյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությունների մուտքն ԱԺ խիստ կասկածի տակ է։

Կոնսենսուս մինուս մեկ

Ընտրություններին մասնակցող ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ն ու ՀՀԿ–ն, անկասկած, կհայտվեն խորհրդարանում։ Հարցն այստեղ այն է, թե որը քանի տոկոսով և ինչպիսի հարաբերակցությամբ։

Եթե մենք կայացած ժողովրդավարությամբ երկիր լինեինք, ապա քաղաքական մենաշնորհի տիրապետող հանրապետականները առավելագույնը 10 % ձայն կհավաքեին, այն էլ իներցիայի ու հավերժ իշխանամետությամբ տառապող ընտրազանգվածի շնորհիվ։ Բայց քանի որ Հայաստանում այլ վիճակ է, ուստի ՀՀԿ–ն փորձում է վերարտադրվել։

Առաջին ու երկրորդ տեղերի համար պայքարն, ըստ այդմ, ընթանալու է ԲՀԿ–ի ու ՀՀԿ–ի միջև։

Հանրապետականները լավ գիտեն, որ տապալել են արտաքին ու ներքին քաղաքականությունը, ուստի չեն կարող հենվել երախտապարտ ընտրողների վրա։ Նրանց հույսը, հետևաբար, նախընտրական փուլում «դհոլությամբ» զբաղվող «ժառանգությունն» էր, որը պետք է գեղամյանաբարո պահվածքով պայքարեր Ընտրությունների վերահսկման միասնական շտաբում ընդգրկված կամ, որ նույնն է, «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» ծրագրի կյանքի կոչմամբ շահագրգիռ ուժերի դեմ։ Ասեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարտաճանաչորեն կատարեց իր դերը և կարող է ակնկալել «արդար» վարձատրություն՝ 5 մանդատի տեսքով, բայց փորձը ցույց է տալիս, որ նմաններին «ֆուտբոլասերն», առանց աչք թարթելու, օգտագործում և ուղարկում է գրողի ծոցը։

Բուն ընտրական գործընթացի ժամանակ ՀՀԿ–ի հույսն արդեն կիսափլված վարչական ռեսուրսն է, ընտրակաշառքն ու ընտրողների կեղծ ցուցակները։ Այս ամենի կիրառման արդյունքում ՀՀԿ–ն նախատեսում է հավաքել շուրջ 40% ձայն, իսկ ԲՀԿ–ին «գրել» 20%, ինչը գիտաֆանտաստիկայի ոլորտից է և կարող է բերել երկրում լուրջ ցնցումների։ Իրականում այդ տոկոսները ճիշտ են, բայց հակառակ դասավորությամբ։

Հոգեբանական առումով իշխանությունն ընտրողներին փորձում էր ՀՀԿ–ի համար նկարած այդ 40 տոկոսին նախապատրաստել կոոպերատիվ գելափներին, վայ–սոցիոլոգներին և պալատական «վերլուծաբաններին» պարբերաբար «մեյդան» գցելով, բայց Գագիկ Ծառուկյանի թիմի նախընտրական հանդիպումները և ամփոփիչ հանրահավաքը Մատենադարանի մոտ պայթեցրեց բոլոր տիպի «սոցիոլոգների» ու գելափների փուչիկը. Երևանի կենտրոնում հարյուր հազարավոր մարդիկ էին եկել ԲՀԿ–ի հետ հանդիպման, և եթե անձրևը չլիներ, ապա մայրաքաղաքի փողոցները կխցանվեին մի քանի ժամ շարունակ։

Ինչ վերաբերում է ՀՅԴ–ին ու ՀԱԿ–ին, ապա այս ուժերը կմրցեն միմյանց հետ երրորդ ու չորրորդ տեղերը կիսելու համար։

Հաշվի առնելով Դաշնակցության 1. համահայկական նշանակությունը, 2. գաղափարական հստակ մեսիջները, 3. թիմային աշխատելու ավանդույթները, 4. նախընտրական հանդիպումների զանգվածայնությունը, 5. ՀՀ քաղաքացիներին առաջարկած սոցիալական մրցունակ փաթեթը, 6. հայ–թուրքական հարաբերությունների, Ղարաբաղի ու ազգային հարցերում աներկիմաստ դիրքորոշումը և այդ հարցերի հանդեպ զգայուն էլեկտորատի ձայների գրեթե հարյուր տոկոսանոց կողմնորոշվածությունը դեպի հարյուրքսանամյա այդ ուժը, 7. անցկացրած դինամիկ քարոզարշավն ու 8. կազմակերպչական ռեսուրսները՝ հին ընկերները երկնիշ տոկոսով կգրավեն երրորդ տեղը։ Գրեթե նույն տոկոսներին կարող է հավակնել նաև տիտղոսային ընդդիմություն հանդիսացող և «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով առաջնորդվող Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած թիմը։

Այսպիսով, ապագա ԱԺ–ում մենք կտեսնենք չորս ուժերի, եթե, իհարկե, ՀՀԿ–ն թվանկարչությամբ չզբաղվի ու իր հետ խորհրդարան քարշ չտա ՕԵԿ–ին կամ  «Ժառանգությանը»։

Գլխավոր խնդիրն այստեղ ԱԺ անցնող կուսակցությունների քանակը չէ, այլ ԿԸՀ–ում ֆիքսվող տոկոսները։ Եթե Ընտրությունների վերահսկման միասնական շտաբում ներգրավված ուժերն արդյունավետ աշխատեն, ապա մայիսի 6–ին սկիզբ կդրվի սահուն և անցնցում իշխանափոխության։ Այդ դեպքում՝ կախված ուժերի հարաբերակցությունից՝ կձևավորվի նոր կառավարություն, և, բնականաբար, 2013–ին խոսք չի կարող գնալ Սերժ Սարգսյանի՝ երկրորդ ժամկետով նախագահ դառնալու մասին։

Եթե Սարգսյանը մարտահրավեր նետի հանրությանը և ֆիքսել տա իրեն ցանկալի «50 +1» արդյունք, ապա երկրում, ամենայն հավանականությամբ, անխուսափելի կլինեն հետընտրական ցնցումները, քանզի և՛ ԲՀԿ–ն, և՛ ՀՅԴ–ն, և՛ ՀԱԿ–ը, և՛ անգամ ՀՀԿ վերնախավի մեծ մասը «քցվածի» կարգավիճակում կհայտնվեն։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր ուժ շատ լավ հասկանում է պահի լրջությունը և ձգտելու է չոչնչանալ։

Թե ինչպիսին կլինեն ընտրական ու հետընտրական գործընթացները և ինչպիսի կառավարություն կձևավորվի, պարզ կդառնա արդեն ընտրատեղամասերը փակվելուն հաջորդած երեսուն րոպեների ընթացքում, երբ իշխանությունները ԶԼՄ–ներով կանեն այն, ինչ նախատեսել են՝ կհրապարակեն ուղղորդված «էքզիթ փոլի» արդյունքները։ Այդ արդյունքներից պարզ կդառնա, թե ինչպիսի ախորժակով են մտել խաղի մեջ «նախաձեռնողականները», ինչն էլ գրեթե հարյուր տոկոսանոց հնարավորություն կտա մեզ հետմայիսվեցյան կանխատեսումներ անել։

Մեկ բան պարզ է. ինքնուրույնություն ունեցող քաղաքական ուժերի գերխնդիրը պետք է լինի «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» ծրագիրն իրականացնելը, երկրում քաղաքական մենաշնորհին վերջ տալը և լայն կոնսոլիդացիայի ապահովման միջոցով ՀՀ–ում լայնամասշտաբ բարեփոխումների գնալը։ Կկարողանա՞ն դա անել՝ փառք ու պատիվ իրենց և մեր ժողովրդին, իսկ եթե չեն կարողանա, ուրեմն այս իշխանությունները Հայաստանում կշարունակեն Իրան–Հայաստան «երկաթգիծ» կառուցել, Գյումրին  «ծովափնյա» քաղաք դարձնել, իսկ Ջերմուկում է՛լ ավելի մեծ էնտուզիազմով պայքարել մոծակների դեմ։

Իշխող վարչախումբը պարտվել է և պետք է հեռանա քաղաքական ասպարեզից, որպեսզի պարտության չտանի Հայաստանը։ Սա՛ պետք է լինի ընտրողների հիմնական ուղենիշը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը