Լրահոս

05.05.2012 14:04


Սուրեն Զոլյան. «Նախարարը ոչ թե նախարարի, այլ սերժանտի դեր է կատարում»

Սուրեն Զոլյան. «Նախարարը ոչ թե նախարարի, այլ սերժանտի դեր է կատարում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարարի հրամանով պաշտոնից ազատված ՀՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը հայտարարել է, որ իր խնդիրն անձնական չէ. այն կրում է համակարգային բնույթ.

–Փաստորեն, պարզ է դառնում, որ այսօր խնդիրը ոչ թե Զոլյանը կամ Աշոտյանն են, այլ այն, թե ինչպես պետք է զարգանա Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը։ Շատ է թմբկահարվում բոլոնյան գործընթացը, բայց բոլոնյան գործընթացի հենց առաջին կետն ակադեմիական ազատություններն են և համալսարանական ինքնավարությունը, ոչ թե այն, թե ինչպես են գրանցում գնահատականները։ Իմ դեպքն ուղղակի ապացուցեց, որ մեզ մոտ գործում է ոչ թե Բոլոնիայի, այլ ֆեոդալական սկզբունքը՝ «Նախարարը միշտ ճիշտ է»։ Ընդ որում, նախարարը ոչ թե նախարարի, այլ սերժանտի դեր է կատարում,ասել է Զոլյանը։

Սուրեն Զոլյանն ընդգծել է, որ խնդիրը ոչ թե Կրթության և գիտության նախարարության խնդիրն է միայն, այլ համակարգային է։ Անդրադառնալով Արդարադատության նախարարության մեկնաբանությանը, որը ստորագրել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Զոլյանը նշել է, որ, փաստորեն, Արդարադատության նախարարությունը կրթության և գիտության նախարարի հրահանգը վեր է համարում օրենքներից.

–Արդարադատության նախարարի կարծիքը մոտավորապես հետևյալն է նշանակում՝ «Իրավունքի աղբյուրը նախարարի կամքն է»,–ասել է Զոլյանը։

Շարունակելով իր խոսքը՝ նա ավելացրել է.

–Ինչպես տեսնում եք, խնդիրն ընդհանուր կառավարման համակարգն է, որովհետև այսօր գործում են նման սերժանտական մոտեցումներ, որ ռեկտորը պետք է պահակ լինի և իրավունք չունի արտասահման գնալու։

Սուրեն Զոլյանն անդրադարձել է նաև պետական քաղաքականությանը.

–Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, թե ինչպես է աղավաղվում պետական քաղաքականությունը կրթության ոլորտում։ Ես չեմ խոսում միջնակարգ կրթության մասին։  Տիգրան Սարգսյանը, որին նշանակեցին վարչապետ Ազգային ժողովում, ներկայացրել է ծրագիր, և այդ ծրագիրն ուներ չորս կետ։ Չորրորդ կետը հետևյալն է՝ «Ուժեղ համալսարաններ– ուժեղ պետություն»։ Բայց, ինչպես պարզվում է, պետական քաղաքականության նպատակը ոչ թե ուժեղ համալսարաններ ստեղծելն է, այլ ֆեոդալական ոճի կառավարումը, որտեղ նախարարը միշտ ճիշտ է, և բոլորը պետք է կատարեն իրենց հրահանգները,–ասել է Սուրեն Զոլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը