Լրահոս

05.05.2012 15:10


ԿԳ նախարարությունում չգիտե՞ն՝ մեծատառով գրելն ինչ է նշանակում

ԿԳ նախարարությունում չգիտե՞ն՝ մեծատառով գրելն ինչ է նշանակում

ԿԳ նախարարի հրամանով պաշտոնից ազատված ՀՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը պարզաբանումներ է տվել՝ կապված ԵՊԼՀ–ում սկսված ստուգումների և նախարարության կողմից հնչող մեղադրանքների հետ, թե համալսարանը կեղծ դիպլոմներ է տրամադրում։ Զոլյանը դրանք անհիմն է համարել.

–Ի՞նչ թերացումներ։ Ոչ սահմանված նմուշի դիպլոմներ են տրվել։ Ուրեմն, խնդիրը ո՞րն է. մարդիկ չգիտեն, թե ինչ է նշանակում գրել մեծատառով,–ասել է Սուրեն Զոլյանը։

Ռեկտորը պարզաբանել է, որ նախարարությունը խախտում է համարել այն, որ դիպլոմներում անվան միայն առաջին տառերն են մեծատառով գրվել, ոչ թե բառն ամբողջությամբ։

Շարունակելով իր խոսքը՝ Զոլյանն ասել է.

–Եթե մարդիկ  այդքան բան չեն կարող հասկանալ, ուրեմն իրենց տեղն այլ է։ Իհա՛րկե, մարդիկ, ովքեր չեն հասկանում՝ ինչ բան է մեծատառով գրելը, երևի թե այլ պաշտոն պետք է զբաղեցնեին։

Զոլյանը հայտնել է, որ սա արդեն համալսարանի բարի համբավի հարց է, և դատարան դիմելու է արդեն ոչ թե ինքը՝ Զոլյանը, այլ համալսարանի գիտխորհուրդը։

Զոլյանն անդրադարձել է նաև վարչական դատարան ներկայացրած իր հայցադիմումի մերժման փաստին։ Նրա կարծիքով մերժումը նույնպես անօրինական էր, քանի որ օրենքով սահմանված կարգով՝ հայցը պետք է քննի հենց վարչական դատարանը. ինքը՝ Զոլյանը՝ որպես համալսարանի ռեկտոր, նախարարության աշխատակից չէ և նախարարի ենթական չէ։

Այնուամենայնիվ, մերժում ստանալով վարչական դատարանից, Զոլյանը հայցադիմումը ներկայացրել է վերաքննիչ դատարան։ Սուրեն Զոլյանի խոսքերով՝ եթե դատարանը չբավարարի իր հայցը, ինքը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան։ Միաժամանակ Զոլյանը հույս է հայտնել, որ իր հայցը կբավարարվի Հայաստանում, և իր իրավունքները կվերականգնվեն, ինչն էլ «համակարգի առողջացման նշան կլինի»։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը