Մեկնաբանություն

07.05.2012 15:50


Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին ու հայությանը

Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին ու հայությանը

ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորած Սերժ Սարգսյանը շատ հումանիստ է։ Կարող էր, չէ՞, ասենք, 120 տոկոս ձայն ապահովել ՀՀԿ–ին։ Կարող էր, բայց չարեց ու բավարարվեց ընդամենը 44 տոկոսով։ Այդ 44 տոկոսի հրահանգը ԿԸՀ–ին անուղղակիորեն տրվեց ընտրությունների ավարտից րոպեներ անց, երբ կոոպերատիվ «Գելափը» թվանկարչությամբ ամփոփեց ընտրական «իդիլիան»։

Սերժ Սարգսյանը հումանիստական մոտեցում ցուցաբերեց նաև իր հին ու նոր հաճախորդներին. ՕԵԿ–ն ու «Ժառանգությունը» անցան 5 տոկոսի սահմանագիծը, և որպես ՀՀԿ–ի «զապաս պագրիշկա»՝ տեղ կզբաղեցնեն ԱԺ օվալաձև դահլիճում։

Նկատենք, որ եթե ՕԵԿ–ին անցկացնելը բացահայտ ցինիզմի դրսևորում էր, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի հինգհոգանոց թիմին ԱԺ քարշ տալն ունի որոշակի նպատակ։ Նախ «Ժառանգությունը» պետք է ընտրություններից հետո հայտարարեր, որ սա քայլ առաջ էր, ինչը երեկ արեց այդ կուսակցության ցուցակի ազատդեմոկրատական հատվածի ներկայացուցիչը հեռուստաեթերում։ «Ժառանգության» մյուս դերն ախքային բնույթ ունի։ Բանն այն է, որ Րաֆֆին դեռ պետք է Սերժ Սարգսյանի համար 2013–ին կատարի 2008–ի «ռազլիվի» արթուրբաղդասարյանական իր դերը՝ առաջադրվելով որպես նախագահի թեկնածու ու կրկին անտաղանդ պարելով կամարի տակ։ Ճիշտ է, երկրում այլևս մարդ չմնաց, որ չհասկանա Րաֆֆիի «դհոլային» վարքագիծը, բայց դե Սերժ Սարգսյանը, ինչպես փորձն է ցույց տալիս, սիրում է մինչև վերջ «երկխոսացնել» իր հաճախորդներին ու նոր միայն տանել ցուցակ։

Ինչ վերաբերում է «ընտրությունների» ընդհանուր պատկերին, ապա  հրապարակելով արդյունքները քվեարկության ավարտից 10 րոպե անց և վերահաստատելով դրանք ԿԸՀ–ի միջոցով՝ Սերժ Սարգսյանը յուրօրինակ ուղերձ հղեց Հայաստանի քաղաքացիներին ու ողջ հայությանը։ Ուղերձն այդ հետևյալ կետերից է բաղկացած.

1. Հայաստանում մազոխիստների քանակը չափազանց մեծ է, և դրա ապացույցն այն է, որ 2007–ից հետո երկրում տարեցտարի կյանքի որակն անկում է ապրում, աղքատներն ավելանում են, գներն աճում են, բիզնես միջավայրը վատանում է, երկրի արտաքին պարտքը եռապատկվել է, պաշտոնական տվյալներով՝ շուրջ 200 հազ մարդ վերջին հինգ տարիների ընթացքում արտագաղթել է, Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը, մեծ հաշվով, ստախոսությունից բացի, այլ բանով չի զբաղվել, տնտեսական անկումը 2009–ին աշխարհում վերջից երկրորդն է եղել, բայց 2007–ի ԱԺ ընտրությունների համեմատ՝ 200 հազարով ավելի շատ մարդ է մասնակցել այս ընտրություններին, և 2007–ի համեմատ՝ մոտ 12 տոկոսով ավելի շատ մարդ է ձայն տվել ՀՀԿ–ին։ Ի՞նչ է սա, եթե ոչ մազոխիզմի դրսևորում։

2. Սարգսյանն այս ցուցանիշներով ուզում է ասել, որ Հայաստանի քաղաքացիներն այնքան ոգևորված էին իշխանությունների համապետական ծրագրերի խոստմամբ ու կատարմամբ (Իրան–Հայաստան երկաթգիծ, նոր ատոմակայան, Դիլիջանը ֆինանսական կենտրոն, Ջերմուկը՝ առողջարանային կենտրոն, Գյումրին՝ ծով, Հյուսիս–հարավ մայրուղի և այլն), որ գլխապատառ նետվեցին ընտրատեղամասեր, և, ըստ ԿԸՀ տվյալների, միջինը մեկ րոպեում մեկ քվեաթերթիկ նետեցին արկղի մեջ ու 44 տոկոսով հավատացին, որ փոխվելու են։

3. ՀՀ քաղաքացիներն ուրախ էին, որ 2009–ի մարտի 3–ին իրենց «քցեցին»՝ դրանից առաջ խորհուրդ տալով խնայողությունները պահել միայն ՀՀ դրամով, բայց, այդուհանդերձ, 25 տոկոսի չափով մեկ գիշերվա մեջ արժեզրկելով դրամը։ ՀՀ «քցված» քաղաքացիների ուրախությունն արտահայտվեց մայիսի 6–ին, երբ ՀՀԿ–ամետ «քցվածներն» ինքնամոռաց նետվեցին տեղամասեր ու սկսեցին քվեարկել իրենց գրպանը դատարկողների օգտին։

4. Համայն հայությունն այնքան ուրախ էր, որ նվաստացել է Գյուլի առաջ և առևտրի առարկա դարձրել Ղարաբաղն ու Հայոց ցեղասպանությունը, որ առիթ էր ման գալիս ՀՀԿ–ին իր երախտագիտությունը հայտնելու այդ ամենի համար, և միայն մութ ուժերի պատճառով էր, որ Սերժ Սարգսյանի թիմը չվերցրեց համամասնական ընտրակարգով նախատեսված բոլոր 90 տեղերն ու դեռ մի բան էլ ավելի։

Ընտրությունների արդյունքների հրապարակման միջոցով Սերժ Սարգսյանի հիմնական ուղերձը, սակայն, վերը նշված կետերում չպետք է ման գալ։ Նրա հիմնական ասելիքը հետևյալն է. «Ես ուզում եմ Հայաստանը տեսնել Ադրբեջանի, Ուզբեկստանի, Թուրքմենիայի, Լիբիայի կամ նմանատիպ այլ երկրների շարքում, բայց առանց նավթի ու գազի։ Ու որպեսզի դա ստացվի՝ պետք է հետևել Տիգրան Սարգսյանի խոսքերին, այն է՝ արտագաղթել ու այստեղ չմնալ հեղափոխություն անելու համար, բայց արտագաղթելուց հետո չմոռանալ դրսից փող ուղարկել հարազատներին. մեր նավթը մարդն է։

Հայաստանում պետք է վերանա կլանաօլիգարխիկ համակարգը, և հաստատվի մենիշխանություն, որի պայմաններում մեծահարուստներ և, ընդհանրապես, սեփականատերեր չեն լինում, այլ ամեն ինչ տնօրինում եմ միայն ես, ու ես էլ բաշխում եմ երկրի ամբողջ հարստությունն այնպես, ինչպես ադրբեջանցի կամ ուզբեկ Իլհամ Ալիևը կամ Իսլամ Քարիմովն են անում (Քադաֆին հարիֆի մեկն էր, որ ձեռքից բաց թողեց գյոզալական իշխանությունը)։

Հանրապետությունը կառավարման վատ ձև է, քանզի անընդհատ ընտրություններ են տեղի ունենում, իսկ մենք էլ ստիպված ենք լինում մարդկանց զոռով բերել հրապարակ ու ցավոք սրտի հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից, և այդ իսկ պատճառով ես ուզում եմ ունենալ բացարձակ և հավերժ իշխանություն՝ առանց պայթող փուչիկների և հոգեմաշ քվեարկության։

Իմ հավերժ իշխանության ու ձեր երջանիկ կյանքի համար ինձ անհրաժեշտ է սոված ու ընտրակաշառքի սպասող ժողովուրդ, ինչն էլ մենք կապահովենք մեր ամենօրյա աշխատանքով։ Որքան սոված լինեք դուք, այնքան մեծ կլինեն ընտրակաշառքի ծավալները։ Որքան սոված լինեք դուք, այնքան մեծ կլինեն մեր տոկոսները, որոնք մենք ձգտում ենք հասցնել իդեալականի՝ 100 տոկոսի (բոլշևիկները մի բան գիտեին, որ այդպես էին վարվում. ո՞նց քանդեցին էդ գյոզալական երկիրը)։

Եվ ուրեմն, հավատանք, որ փոխե՛նք»։

Սա՛ էր, ըստ էության, այն ասելիքը, որը ՀՀ քաղաքացիներին ու հայությանը փոխանցեց Սերժ Սարգսյանը սկզբում «էքզիթ–փոլ» կոչված «սոցիոլոգիայի», իսկ հետո նաև Մուկուչյանի շուրթերով։ Այսինքն խնդիր է դրված ամայացնել քաղաքական դաշտն ու ստեղծել առանց հակակշիռների գործող բացարձակ իշխանություն, որն, ինչպես քաղաքագիտությունից է հայտնի, բացարձակ այլասերված հասարակական հարաբերությունների աղբյուր է։

Մայիսի 6–ից հետո միակ ինտրիգն արդեն այն է՝ արդյոք կմարսի՞ Սարգսյանն ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։ Կուսակցություններն առայժմ լռում են։ Լուռ է նաև քաղաքացին։ Պարզվում է, որ հետընտրական ժամանակահատվածում էլ է լռության օր լինում։ 

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ինձ քաղաքականությունից ու քաղաքական ուժերի զբաղեցրած դիրքերից առավել այլ բան է հիմա հուզում։ Եթե ՀՀԿ–ին հաջողվի մարսել Հայաստանի հանդեպ տարած  պյուռոսյան հաղթանակը, ապա այս պահից սկսած քանի՞ մարդ կարտագաղթի, որքա՞ն կդիմանա մեր «թմրամոլ» տնտեսությունը Ադրբեջանի հետ «սառը» պատերազմում, և ինչպե՞ս կավարտի իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանը։ Վերջին հարցի պատասխանն, ի դեպ, զուտ «սպորտային» հետաքրքրություն է ներկայացնում։

Այս խորագրի վերջին նյութերը